Մեր լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխված տարբերակը, որի նախաբանից փաստացի ջնջված է հայ ժողովրդի «պատմական հիշողությունը». Լիա Սարգսյան

Արդարադատության նախարարությունը հաստատել է «Իշխանություն» լրատվականի հրապարակումը՝ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Մեր լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխված տարբերակը, որի նախաբանից փաստացի ջնջված է հայ ժողովրդի «պատմական հիշողությունը»։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հենց դրա վրա է հիմնված։

 

Իսկ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից հեռացնելը Իլհամ Ալիևի պահանջն է եղել, քանի որ այնտեղ առկա են ձևակերպումներ Արցախի և պատմական հայրենիքի վերաբերյալ։

Մարտի 18-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ տեքստը պատրաստ է։ «Խոստացել էի, որ մարտին պատրաստ կլինի»,-ասել էր նա։ Մեր հրապարակումից հետո՝ մարտի 20-ին տարածած պարզաբանման մեջ կարդում ենք հետեւյալը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ»։ Այս հակասական հայտարարություններով իշխանությունը փաստացի մոլորեցնում է հանրությանը։

Արդարադատության նախարարության պարզաբանումը իրականում ոչ թե հերքում է այս ամենը, այլ հաստատում։

Այն չի ասում, որ հրապարակված տեքստը կեղծ է կամ իրականությանը չի համապատասխանում։

Ընդամենը նշում է, որ սա «աշխատանքային», «սևագիր» տարբերակ է և դեռ փոփոխությունների փուլում է։ Բայց հենց այս ձևակերպումներով նախարարությունը փաստում է գլխավոր՝ այդպիսի տեքստ կա, այն շրջանառվում է և քննարկվում՝ հենց այդ տրամաբանությամբ։

 

Երբ «սևագիր» տարբերակում արդեն բացակայում է հռչակագիրը, երբ «աշխատանքային» փաստաթղթում ջնջվում է պատմական հիշողությունը, ակնհայտ է, որ սա ուղղություն է, ոչ թե պատահական փորձարկում։

Իսկ դա նշանակում է մեկ բան՝ հրապարակվածը ոչ միայն իրական է, այլ նաև արտացոլում է այն քաղաքական գիծը, որով ձևավորվում է նոր Սահմանադրությունը։ Կատարված փոփոխությունը ամբողջությամբ համընկնում է այն պահանջների հետ, որոնք տարիներ շարունակ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ Հայաստանի Սահմանադրությունը խնդիր է Ադրբեջանի համար։

Leave a Comment