Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին. Արփինե Հովհաննիսյան


Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին

Հայկական քաղաքական միջավայրի վերջին տարիների ամենասպասված քաղաքական  իրադարձությունը լիբանանցի մտածող Ն. Թալեբի «Սև կարապն» է` այն անկանխատեսելի իրադարձությունը, որը մի հրաշքով կգա ու կհեռացնի Փաշինյան Նիկոլի իշխանությունը: Ոչ թե այս կամ այն ուժը, այլ «սև կարապը»` ժողովրդի ցասումը, արտաքին ինչ-որ միֆական ուժերը, էլի եսիմ ովքեր:

Սա սիրելի քաղաքական բանաձև է, խոսույթ, որը գերակայում է քաղաքական սպասումներում: Իմ խորին համոզմամբ, սակայն, ամենակարևոր բանաձևն այլ է` նույն Թալեբի «Skin in the game»  (բառացի թարգմանությունը «Սեփական կաշին խաղի մեջ») կամ  արդեն կոնտեքստային` «Վտանգելով սեփական կաշին» կամ համանման այլ իմաստներ: Իմաստը սա է` որոշումներ կայացնողը պետք է կրի այդ որոշումների հետևանքները։ Ոչ ոք իրավունք չունի ազդեցություն ունենալ մյուսների կյանքի վրա, եթե ինքը չի կիսում այդ ազդեցության ռիսկը։ Պատերազմ` ուրեմն պետք է պատրաստ լինի զոհվել ինքը` առաջնորդը, սով` ուրեմն սոված պիտի լինի ինքը` առաջնորդը, զրկանքներ, ունեզրկում` ուրեմն բառացի այդ ազդեցությունը պետք  է կրի առաջնորդը: Ժամանակակից քաղաքական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ որոշումներ կայացնողները հաճախ կտրված են այդ որոշումների իրական հետևանքներից։ Նրանք ընդունում են օրենքներ, մշակում ռազմավարություններ և կիրառում քաղաքականություններ, սակայն այդ ամենի ձախողման գինը կամ էլ ուղղակի գինը վճարում է հասարակությունը, ոչ թե իրենք։ Ի դեպ, այստեղ է հենց հասարակության ու իշխանության օտարման հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը: 

Ասվածը վերաբերում է իշխանությանը, իշխանությունը այսպես են պահում կամ կորցնում: 

Ասվածը վերաբերում է  ընդդիմությանը: Այս սկզբունքը գիտակցելով ու կիրառելով են իշխանության գալիս: 
Եթե ձգտում ես իշխանության, ապա առաջին հերթին պետք է պատասխանել ոչ թե «ինչպես գալ իշխանության», այլ՝ ինչ ես պատրաստ կորցնել այդ ճանապարհին և ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ`
ազատություն, գույք, ամբողջական ունեցվածք, ընտանիքի անդամների ազատություն, ճակատագրեր, երբեմնի կոմֆորտ:

Մի թարմ օրինակ բերեմ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի մահվան եղանակը ոչ միայն կրոնական գաղափարական ընտրություն էր, այլև քաղաքականության մեջ Skin in the game սկզբունքի կիրառում: Ուստի, եղած ամեն բանի փոխարեն, բոլոր նրանք, ովքեր իսկապես ձգտում են իշխանության,  կարիք ունեն գտնել այն եղանակը, որով հասարակությանը կկարողանան հավատացնել, որ պատրաստ են`

Կրել անձնական և քաղաքական պատասխանատվություն, հատկապես ձախողման դեպքում: Չփնտրել մեղավորներ, այլ վերցնել այդ բեռը: 

Ապրել նույն իրականության մեջ, ինչ ժողովուրդը։
Զգալ նույն տնտեսական ճնշումը, կամ ունենալ նույն սոցիալական խնդիրները, ինչ մարդիկ:

Չխուսափել ռիսկից, այլ կիսել այն

Գիտակցված իշխանափոխությունը սկսվում է այստեղից: «Սև կարապը» գալիս է, երբ հանրությունը հավատում ու վստահում է պոկերի all in ( ամեն ինչ) սկզբունքով սեփական կաշին վտանգելուն:

Քաղաքական դաշտում կան դերակատարներ, որոնք այս սկզբունքի կիրառման կարևորությունը գիտակցում են, ու ցանկանում են և պետք է փորձեն հենց իրենց օրինակով դա ցույց տալ: Ցույց տալ հանրությանը: Քանզի կարևոր է հենց հանրության ընկալումը ու հավատը: 

Հարկ է հավատացնել մարդկանց, որ շանս լինի: Շահել մարդկանց վստահությունը: Վստահությունը չի կառուցվում խոսքերով, այլ կառուցվում է այն պահին, երբ դու պատրաստ ես վճարել քո խոսքի գինը, անգամ` ամենաբարձր։ 
Իրավունք ունի առաջնորդել միայն նա, ով խաղի մեջ դրել է ոչ միայն իր հեղինակությունը, այլ նաև իր ճակատագիրը»:

Leave a Comment