21 մարտի 2026 – 13:32 AMT
PanARMENIAN.Net – Քննիչիորոշմամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին չի թույլատրվել մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա քննիչի որոշումը որակել է «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն»:
«Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է: Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:
Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:
Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:
Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,-գրել է փաստաբանը:
Վեհափառ Հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը։
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտնել է, որ Պատրիարքարանը հրավերներ է ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Նա նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II ցանկություն է հայտնել մեկնել Վրաստան՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։ Իլիա Բ-ն կհուղարկավորվի մարտի 22-ին։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: