21 մարտի 2026 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – Ըստ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները Հայաստանին, հայտարարել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:
Նրա խոսքով՝ խոսքը շուրջ 240 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է, որի վերաբերյալ նախկինում հայտարարություններ է արել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է «Փաստինֆոն»:
«Ըստ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի այդ տարածքները Հայաստանին։ Հետևաբար հայկական կողմը պետք է բարձրացնի հարցը, թե երբ է Ադրբեջանը պատրաստվում ազատել այդ տարածքները:
Այդ պայմանագրում նշվում է, որ կողմերը պետք է վերադառնան Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմաններին։ Այժմ հարցն այն է՝ արդյոք Ադրբեջանը կկատարի այդ պարտավորությունը։ Մինչ այս պահը, սակայն, այդ տարածքներում շարունակվում են դիրքերի և ճանապարհների կառուցման աշխատանքները»,- եզրափակել է նա։
Անդրադառնալով «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի հրապարակած պատկերներին և այն պնդմանը, թե 2025-ի հուլիսի 30-ից հետո հայկական տարածքում նոր ադրբեջանական դիրք է հայտնվել՝ Գալչյանն ասել է, որ արբանյակային լուսանկարների վրա պետական սահմաններ չեն երևում։
«Երբ նայում եք իրական արբանյակային լուսանկարներին, դրանց վրա սահմաններ չեն երևում, գծեր չկան։ Մենք այդտեղ նույնիսկ գծված սահման չունենք։ Երբ բացում եք Google-ը և որոնում Հայաստանը, այն ցույց է տալիս որոշակի սահմաններ, բայց դրանք հենց Google-ի կողմից գծված սահմաններ են և իրավական արժեք չունեն։ Պարոն Թաթոյանը ենթադրել է, որ այդ գիծը հենց սահմանն է և այդ հիմքով եզրակացրել է, թե որտեղ են կառուցվել դիրքերը։ Մինչդեռ ցույց տրված տեղում լուսանկարում որևէ բան չի երևում, այն մաքուր է, իսկ այլ հատվածներում տեսանելի են սպիտակ գծեր և շինություններ։ Google-ի քարտեզների հիման վրա հնարավոր չէ ճշգրիտ որոշել դիրքերի տեղակայումը՝ քանի որ նույնիսկ քարտեզի վրա մեկ միլիմետր շեղումը իրականում կարող է հարյուր մետրից ավելի տարբերություն տալ»,- ասել է նա։
Գալչյանի գնահատմամբ՝ ներկայացված դիրքերը կարող են կառուցված լինել վերջին երկու-երեք տարիների ընթացքում այն տարածքներում, որոնք Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից։
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 2021 թվականից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել, Գալչյանը նշել է, որ այդ տեսակետը չի համապատասխանում իրականությանը։
«Եթե խոսքը վերաբերվեր 2023 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, կարելի էր քննարկել, բայց 2021 թվականից ասվածը ճիշտ չէ։ 2023 թվականի ամռանն են Ջերմուկի ուղղությամբ մոտ 240 քառակուսի կիլոմետր տարածք գրավել Հայաստանից, և դրանից հետո մինչ այսօր իրավիճակը չի փոխվել»,- ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։