Շարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համար. ՆԳ նախարարը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին

1lurer.am Երբ որ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ահազանգը կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան վատ է զգացել և դրա հետևանքով է տեղափոխվել ԲԿ, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների, և դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել, որովհետև տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով և ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:


 


«Այժմ շարունակում ենք ՔԿ-ի հետ աշխատանքները: Գիտեք, որ նաև խափանման միջոց կա անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տանք: Այս պահին կարգավիճակի մասին հարցերն են ճշգրտվում»,- հայտնեց նախարարը: 


 


Նա ընդգծեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներդրել են, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպիտի լինի ոստիկանը: «Ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից: Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն են այս հարցը դիտարկում իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե՞ չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի: Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ»,- նշեց Արփինե Սարգսյանը:


 


Հիշեցնենք, որ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


 


Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ 


 


Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։


 


 


 


 


Leave a Comment