ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում՝ ենթադրաբար իրանական ուժերի կողմից խոցվելուց հետո, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի կործանիչը «մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի վրայով», երբ ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել։ Նա հավելել է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել, և միջադեպը հետաքննվում է։
Լրատվամիջոցը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Իրանը խոցում է ամերիկյան ինքնաթիռ՝ փետրվարի վերջին սկսված ԱՄՆ-Իսրայելական պատերազմից ի վեր։
IRNA-ն, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հաղորդել է, որ F-35 կործանիչը խոցվել է ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից կենտրոնական Իրանի վրայով։ Խոսնակը նշել է, որ «ինքնաթիռի ճակատագիրը դեռևս անհայտ է, և դրա կործանման հավանականությունը բարձր է»։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
