Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ ղեկավարին՝ Ադրբեջանում հայ գերիների կարգավիճակի հարցով

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը ճշտելու խնդրանքով:

Նրա խոսքով, ավելի քան երկու տարի է, ինչ հարազատները զրկված են գերիներին տեսակցելու հնարավորությունից և մտահոգված են նրանց առողջական վիճակով: Վերջինները, ովքեր անկախ մուտք են ունեցել նրանց մոտ, եղել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, սակայն Ադրբեջանի պահանջով կազմակերպությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունը երկրում, ընդգծել է նա:

Այս պայմաններում, ըստ Զոնաբենդի, միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում առանձնահատուկ նշանակություն է ստանում գերիների իրավական կարգավիճակի հարցը: Հենց այս խնդրանքով էլ նա դիմել է ԿԽՄԿ ղեկավարին:

Դիմումի հեղինակը կոչ է արել կազմակերպությանը պարզաբանել, թե ինչ իրավական կարգավիճակով են կոմիտեի ներկայացուցիչները այցելել հայ գերիներին, և տալ պատասխան:

Ավելի վաղ Վարդանյանի ընտանիքը հայտնել էր, որ ադրբեջանական իշխանությունները նրան թույլ չեն տվել կապ հաստատել իրավապաշտպանի հետ: Նշվում էր, որ մարտի 13-ին հեռախոսազրույցի ժամանակ Վարդանյանը փորձել է փոխանցել հրապարակային ուղերձ, սակայն զանգը բռնի ընդհատվել է, ասվում է նախկին պետնախարարի ընտանիքի հայտարարության մեջ: Նախորդ տասն օրերի ընթացքում նա անհաջող փորձեր էր կատարել կապ հաստատել փաստաբանի հետ։

Փետրվարի 17-ին Բաքվում կայացած «դատավարությամբ» Արցախի նախկին պետնախարարը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա «մեղավոր է ճանաչվել» մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ «Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու, ահաբեկչության ֆինանսավորման և բնակչության տեղահանման» մեջ: Վարդանյանը հրաժարվել է պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ «դատավճիռը կայացվել է ողջ հայ ժողովրդին», և ընդգծել, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատագրման համար:

Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել են 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման ժամկետներով: Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը և Արցախի ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը: 20 տարվա ազատազրկման են դատապարտվել ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի բացառել է նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

Leave a Comment