Մեր զինվորի անվտանգությունն առաջնային է, դրա համար պատրաստ են համագործակցել աշխարհի լավագույն մասնագետների հետ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության ծրագրի մշակման մեջ օտարերկրյա, մասնավորապես, իսրայելցի փորձագետների ներգրավմանը։
«Ամենակարևոր սկզբունքը, որը մենք ուզում ենք ընդգծել, դա զինվորի անվտանգությունն է: Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ: Իսրայելցի գեներալը աշխարհի 5 լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է: Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան և նրա թիմը Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում», – հայտարարել է Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականին ամենամեծ կորուստները հայկական կողմը կրել է հենց օդային պաշտպանության անկատարության պատճառով:
Անդրադառնալով Իսրայելի հարաբերություններին տարածաշրջանային երկրների հետ՝ Կարապետյանը նշել է, որ այդ հարաբերությունները ստեղծվել են համագործակցության միջոցով, և Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել թիմին միացած իսրայելցի բարձրաստիճան ռազմական փորձագետ, Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Զվիկա Խայմովիչը: Խայմովիչը, ով ավելի քան երեք տասնամյակ ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերում, այդ թվում 2015-2018 թվականներին ղեկավարել է երկրի ՀՕՊ համակարգը, իր խոսքում անդրադարձել է թիմին միանալու պատճառներին։
Գեներալը նշել է, որ ազգային անվտանգության ծրագիրը բազմաբաղադրիչ է և ներառում է այնպիսի հիմնասյուներ, ինչպիսիք են կրթությունը, անվտանգությունը և ճիշտ որոշումները: Նա հավաստիացրել է, որ թիմը վերջին շաբաթների և ամիսների ընթացքում անդուլ աշխատանք է կատարել ծրագիրն իրականանալի դարձնելու համար։
