Սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության ծրագրի քվոտան ընդլայնվել է

Սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության ծրագրի քվոտան ընդլայնվել է

19 մարտի 2026 – 16:25 AMT

PanARMENIAN.NetՍահմանամերձ համայնքներում բնակարանաշինության պետական աջակցության ծրագիրը վերանայվել է՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակ։ Սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա է սահմանվել։ Համապատասխան որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

Sահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքային ծրագիրը կառավարությունը սկսել է սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմել է 16 մլն դրամ։ 2024-ից ծրագիրը վերաբերել է միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերին, ինչպես նաև Վայոց ձորի Գոմք գյուղին, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագիրը դուրս է եկել միայն սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից և ներառվել է նաև դպրոցամերձ համայնքներում («300 դպրոց» ծրագրի շրջանակում)։

«Այս պահի դրությամբ մենք մոտ 1400 նոր տան ֆինանսավորում ենք իրականացնում։ Ընդհանուր առմամբ, այս պահին 3700 կարգի տների քվոտա ենք բացել, որոնց շինարարությունը տեղի է ունենում»,– հայտարարել է նա։

Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, և նախատեսված 2400 շահառուի փոխարեն ընդգրկվելու է մինչև 3820 շահառու։ Կանխատեսվում է, որ 2026 թվականին շահառուների թիվը կավելանա 1170-ով, իսկ ամսական աճը կկազմի մոտ 130 շահառու։

Ծրագիրը վերաբերելու է այն շահառուներին, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ ձեռք են բերել հողամաս, ինչպես նաև այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ նախկինում արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ, և որտեղ կառուցվող կամ արդեն կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։

Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում նախատեսվել է փոփոխություն՝ մոտ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացմամբ։

Leave a Comment