Բրիտանացի զինվորականները ժամանել են ԱՄՆ՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ռազմավարություն մշակելու համար

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինվորականները համատեղ ուսումնասիրում են Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու հնարավորությունը: ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Բրիտանացի զինվորականներն արդեն ժամանել են ԱՄՆ՝ համապատասխան ռազմավարություն մշակելու համար:

The Times-ի տվյալներով, բրիտանացի մասնագետների խումբը գտնվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM)՝ Ֆլորիդայի ՄակԴիլլ ռազմակայանում: Նրանք օգնում են ամերիկացի գործընկերներին մշակել նեղուցով նավերի անցումն ապահովելու տարբերակներ, որը, ենթադրաբար, կարող է ականապատվել իրանական զինված ուժերի կողմից:

Պարբերականի հրապարակման մեջ նշվում է, որ բրիտանացի զինվորականները, այդ թվում գեներալ Գվին Ջենքինսը, ամերիկացի նախարարներին են ներկայացրել գործողությունների մի շարք տարբերակներ: Միևնույն ժամանակ, Times-ը գրում է, որ Մեծ Բրիտանիան դժվար թե թագավորական նավատորմի նավեր ուղարկի Հորմուզի նեղուցում նավերը ուղեկցելու համար՝ նման առաքելության հետ կապված վտանգների պատճառով: Սակայն Լոնդոնը Վաշինգտոնի և եվրոպական այլ դաշնակիցների հետ քննարկում է, թե ինչպես կարող է օգնել, երբ Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվի:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Էլ Քարնսը նույնպես կարծում է, որ նավարկության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի «բազմազգ լուծում»: Նրա խոսքով, վերջին անգամ, երբ Հորմուզի նեղուցը փակվել է 1987 թվականին, նավարկության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է եղել շուրջ 30 ռազմանավ: Սակայն ներկայումս իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանի զինանոցում կան արագընթաց նավակներ, տարբեր տեսակի ականներ, բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Միևնույն ժամանակ, վարչապետ Քիր Սթարմերը նախկինում նշել էր, որ Մեծ Բրիտանիան թույլ չի տա իր ուժերին ներքաշվել հակամարտության մեջ և հանդես է գալիս դիվանագիտական կարգավորման օգտին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր ՆԱՏՕ-ի օգնությունը Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու հարցում և զգուշացրել, որ դաշինքը «դժվար ժամանակների է դիմակայելու», եթե չօգնի Վաշինգտոնին: Գերմանիան մերժել էր Թրամփի պահանջը։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու հարցը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին:

Մարտի 2-ին ԻՀՊԿ գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը, կփակվի նավագնացության համար՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով:

Leave a Comment