Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են Արտգործնախարարությունից:
Դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջև պաշտոնապես բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:
Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Համուդ Ալ-Բուսաիդին: Միրզոյանը նշել է, որ Մասկատում մշտական դեսպանատուն բացելու որոշումն արտացոլում է Հայաստանի և Օմանի միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցության մակարդակը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական նշանակություն ունի:
Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 7-ին: 2024 թվականին երկու երկրների միջև արտահանման ծավալը կազմել է 5,5 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 556 հազար դոլար:
