«Արվեստը և պատմությունը պետք է առաջացնեն քննարկումներ, ոչ թե բանտի սպառնալիք». սա հատված է մարտի 14-ին «Բարս Մեդիա»-ի տարածած հայտարարությունից, որով կոչ են անում կինոգործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել քուրդ ռեժիսոր Ռոջհիթալ Աքսոյին։ Նրան Թուրքիայում դատում են «Բարս մեդիա»-ի համարտադրությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ցուցադրելու համար: «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում Աքսոյը 2024 թվականին ստորագրել էր Դիարբեքիրում ֆիլմի ցուցադրության դիմումը, տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ է նախաձեռնել։
Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի աչքերով։
Անիմացիոն ֆիլմում օգտագործվել են 1919 թվականի «Հոգիների աճուրդ» հոլիվուդյան ֆիլմի պահպանված հատվածներ, որտեղ Մարդիգանյանը մարմնավորել է իրեն։
Վավերագրական ֆիլմը հիմնված է 1910-ական և 1920-ական թվականների արխիվային կադրերի, ինչպես նաև Մարդիգանյանի՝ 1980-ական թվականների ձայնագրված վկայությունների վրա։
Այս տարվա մարտին թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյը դատվում է 301-րդ հոդվածով՝ «թուրքական ազգին և պետական կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» մեղադրանքով։
Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը կազմել է մեղադրական եզրակացությունը՝ մեջբերելով «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի տեսարանները և երկխոսությունները։ Մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց նշվում է ֆիլմում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, հայերի դիմադրությունը որպես «ազատամարտիկների օրինական պայքար» պատկերելը, և հայերին իրենց անուններն ու կրոնը փոխելու հարկադրական տեսարանները հակասում են պատմական փաստերին։
Դատական նիստի ընթացքում Աքսոյը հերքել է մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 6-ին։
Այս պատմության մասին «Հետքը» զրուցել է «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ։
-Թուրքիայում ցուցադրության դեպքը եզակի՞ էր, թե նախկինում էլ են եղել խոչընդոտներ, բողոքներ ֆիլմի ցուցադրություններից։
-Դեռևս ֆիլմի արտադրության փուլում՝ 2019թ.-ին նախագիծն ընտրվել էր Եվրոպայի խորհրդի մշակութային հիմնադրամի՝ «Եվրիմաժի» աջակցության ծրագրում, դրան հետևել էր Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցչի/դեսպանի նամակը «Եվրիմաժի» տնօրենին՝ պահանջելով վերանայել որոշումը և մերժել ֆիլմի ֆինանսավորումը։ Ի պատասխան, «Եվրիմաժը» իրավական եզրակացություն էր հայցել Եվրոպայի խորհրդի իրավաբանական ծառայությունից, որը եզրակացրել էր, որ ուսումնասիրված նյութերում ոչինչ չի վկայում այն մասին, որ ֆիլմը կխթանի, կտարածի կամ կարդարացնի ատելության խոսք, կամ որ այն որևէ այլ կերպ կհրահրի բռնություն և այլն, և «Եվրիմաժը», որպես մշակութային հիմնադրամ, խթանում է բազմազանությունը և արտահայտվելու ազատությունը կինոարտադրության մեջ։ Ես ինքս այս մասին իմացել եմ հետո, նախագծի շուրջ «Եվրիմաժի» հետ աշխատելու ընթացքում, իրենք առանց մեզ ասելու կանգնել են նախագծի կողքին և մերժել ֆինանսավորման դադարեցման պահանջը։
Փառատոններում առանձնապես խոչընդոտներ չեն եղել։ Եղել էին բողոքներ ԱՄՆ-ում, երբ ցուցադրվում էր PBS հեռուստաընկերությունում։ Ընկերությանը բողոքներ էին գրել Ամերիկայում բնակվող թուրքերը` պահանջելով ֆիլմը հեռացնել ալիքից, բայց, իհարկե, PBS-ը չէր հանել։
-Ինչպե՞ս է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը հայտնվել թուրքական կինոփառատոնում։
-Մարդու իրավունքներին նվիրված փառատոն էր։ 2024 թվականին կապվեցին մեզ հետ, ասացին, որ ուզում են ցույց տալ, ինչը շատ զարմացրեց և ուրախացրեց մեզ։ Մեր դիստրիբյուտորներից մեկը փոխանցեց ֆիլմը։ Այս քրեական գործը, որը հարուցվել է Ռոջհիլաթ Աքսոյի նկատմամբ, աբսուրդ է, քանի որ 301-րդ հոդվածը ստեղծագործողներին է վերաբերում, իսկ Ռոջհիլաթը մեր ֆիլմի հետ ոչ մի առնչություն չունի, ուղղակի փառատոնի շրջանակում ցուցադրում է տեղի ունեցել, ֆիլմը ոչ մի կերպ չի արտացոլում իր կարծիքը։
-Ասացիք, որ այս դեպքից հետո եք ծանոթացել Ռոջհիլաթի հետ, խոսել եք այս դեպքի մասին, ո՞նց է տրամադրված։
-Շփվում ենք, բայց դժվար է կոմունիկացիան, ինքը անգլերեն չի խոսում, թարգմանիչով ենք խոսում։ Ինքը շնորհակալ է մեր աջակցության համար, շատ հանգիստ է։ Ամեն դեպքում վստահ է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, ի վերջո, դա փառատոնի ցուցադրությունն է եղել։ Ինձ ասում է՝ մի անհանգստացիր, ամեն ինչ նորմալ է։ Ինքը ընդամենը ցուցադրող միջնորդ է էստեղ, իր տեսակետը չի արտացոլվում։
Ես ինքս տարբեր իրավապաշտպանների, ռեժիսորների, պրոդյուսերների, կազմակերպությունների հետ կապի մեջ եմ, բայց իրենք էլ են փորձում հասկանալ` ոնց գործեն, ոնց աջակցեն անարդարացիորեն մեղադրվող Ռոջհիլաթ Աքսոյին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter