Արցախի պետնախարար․ Փաշինյանն ուղիղ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը

Արցախի պետնախարար․ Փաշինյանն ուղիղ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը

19 մարտի 2026 – 11:02 AMT

PanARMENIAN.Net – Վերջին շրջանում արձանագրվում են իրողություններ, որոնք տարիներ առաջ անհավանական կթվային, հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախի թեման փակելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ընտրություններին նախորդող փուլում գործող իշխանությունները փորձելու են հասարակությանը պահել ապատեղեկատվության ազդեցության տակ, հայտնում է «Փաստինֆոն»:

«Ցավոք այսօր մեր հայրենիքում մենք ստիպված ենք խոսել նման իրողությունների մասին։ Փաշինյանը վերջին շրջանում շատ ուղիղ ասում է, որ ովքեր խոսում են Արցախի մասին, ապա նրանք հրահրում են պատերազմ։ Դա այդպես չէ։ Նախընտրական շրջանում իհարկե փորձելու են ժողովրդին վախեցնել, որ ընդդիմությունը, եթե կարողանա հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ապա Հայաստանում խաղաղություն չի լինի։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Սա բոլորի համար կարծում եմ տեսանելի է»,- նշել է նա։

Իսկանդարյանը նաև շեշտել է, որ ՀՀ վարչապետի այն տեսակետը, ըստ որի Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը կարող է բերել պատերազմի, իրականության խեղաթյուրում է։

«Ես շատ ուղիղ ցանկանում եմ մեջբերել այն, ինչ արեց Ադրբեջանը։ 30 տարի շարունակ նրանք փորձեցին և կարողացան իրավունքի հարցը միջազգային հարթակներում պահել։ Երբ Հայաստանում եղավ իշխանափոխություն և եկավ մի մարդ, որը սպասարկեց թշնամու շահերը, ամենահարմար պահին Ադրբեջանը պատերազմ սկսեց»,- ասել է պետնախարարը։

Փաշինյանը հայտարարել է, որ, եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա կնշանակի նոր պատերազմ: Նա հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու և պետք է ընտրել նրան:

«Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, տեղավորվում են այս տրամաբանության տակ: Ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի: Եթե որոշի, որ շարունակում է Ղարաբաղի շարժումը, նշանակում է՝ Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի: Եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-հայտարարել է վարչապետը:

Leave a Comment