Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով երկրում տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 192 մարդ։ Նրանցից չորսը միջին ծանրության վիրավոր են, մեծ մասն ունեն թեթև վնասվածքներ։
X-ում արված գրառման մեջ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատերազմի սկսվելուց ի վեր տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ է ընդունվել 3727 մարդ։
Իրանական հարվածների հետևանքով մարտի 18-ին Թել Ավիվում երկու մարդ մահացել է։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են նաև Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։