Դատախազությունը պահանջում է Գալստանյանից պետությանը վերադարձնել Նավուր գյուղում գտնվող տարածքը

Դատախազությունը պահանջում է Գալստանյանից պետությանը վերադարձնել Նավուր գյուղում գտնվող տարածքը

18 մարտի 2026 – 17:50 AMT

PanARMENIAN.Net – Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ պահանջելով պետությանը վերադարձնել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող հատուկ նշանակության հողատարածքը և դրա վրա գտնվող շինությունները։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ պաշտպանության նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը և 6.0536 հա հատուկ նշանակության հողատարածքը 2014 թվականի հուլիսի 24-ին օտարվել է 8.717.184 դրամով։ Ավելի ուշ՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, նույն գույքը՝ ներառյալ զորանոցը և այլ շինությունները, ընդամենը 400 հազար դրամով փոխանցվել է Վազգեն արքեպիսկոպոս Գալստանյանին։

Դատախազությունը նշել է, որ հողամասը օտարման պահին և ներկայումս ունի հատուկ նշանակության կարգավիճակ, իսկ օրենքով նման հողերը չեն կարող փոխանցվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությանը։ Ըստ իրավական հիմնավորումների՝ նման հողերի վրա գտնվող շենքերն ու շինությունները նույնպես չեն կարող օտարվել և կարող են տրամադրվել միայն օգտագործման կամ կառուցապատման իրավունքով։

Այս հիմքով 2026 թվականի մարտի 16-ին դատախազությունը հայց է ներկայացրել՝ պահանջելով ՀՀ սեփականությանը վերադարձնել նշված հողամասը և դրա վրա գտնվող շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ճաշարանը, պահեստը, բնակելի և օժանդակ շինությունները։

2023 թվականին դատախազությունը արդեն դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2014 թվականի առուվաճառքի գործարքը, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր հայցը՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։ Այդ վճիռը ներկայում բողոքարկվել է վերաքննիչ դատարանում։

Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ Նավուր գյուղում գտնվող հողատարածքը տարիներ առաջ երրորդ անձից փոխանցվել է սրբազանին, իսկ հետագայում նրա ընկերների աջակցությամբ և վարկային միջոցներով այնտեղ ստեղծվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ համայնքում զբաղվածություն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ նախագիծը դադարեցվել է 2020 թվականի համավարակի և պատերազմի հետևանքով, իսկ վարկային պարտավորությունները դեռևս կրում է Բագրատ սրբազանը։

«2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե` 2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։

Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։ Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։ Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյակ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել»,- հայտում է Տաթրիկ Սողոյանը:

Սողոյանը նաև նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։

Leave a Comment