Դասական դիվանագիտության` բոլորիս հայտնի գործիքակազմին զուգահեռ այսօր աստիճանաբար ավելի տեսանելի և կարևոր դեր է ստանձնում ակադեմիական դիվանագիտությունը։
Գիտնականները նույնպես ներկայացնում են իրենց երկիրը՝ ոչ թե քաղաքական հռետորաբանությամբ, այլ գիտական ներուժով, մտքի ազատ փոխանակմամբ և միջազգային համագործակցությամբ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանի հետ փորձել ենք հասկանալ ակադեմիական դիվանգիտության ներուժն ու զարգացման առանձնահատկությունները։
***
-Պետություններն իրականում ունեն ազդեցության երկու գործիք՝ ռազմաքաղաքական և համոզելու գործիքներ։ Եվ այդ առումով ակադեմիական դիվանագիտությունը համոզումի գործիքների շարքից է, թե ինչպես տվյալ երկրի բուհական բարձրագույն կրթության համակարգից լինելով, կարողանալ պետության արտաքին քաղաքականությունը այնպես հաղորդակցել աշխարհին, տարբեր գիտական հաստատություններին, որպեսզի այն նաև սպասարկի պետության շահերը։
Համաշխարհային պատմության մասնագետ Տիգրան Եփրեմյանն ամենալավը գիտի, որ բանակցությունները կարելի է անցկացնել և՛ միջազգային ատյաններում, և՛ գիտաժողովներում։ Գիտությունը նույնպես դիվանագիտական գործիք է՝ քաղաքականությունից վեր, գիտական հանրույթին մոտ։ Եվ ինչպես շատ համագործակցություններ, այս մեկն էլ սկսվում է անհատներից․ չէ՞ որ յուրաքանչյուր գիտնական կարող է անհավասար պայմաններում դառնալ իր երկրի լավագույն այցեքարտը։

—Ինչպես պետությունները հավասար չեն, այնպես էլ համալսարանները հավասար չեն, թեպետ իրավականորեն բոլոր ինքնիշխան պետությունները իրավահավասար են, բայց կան հարաբերական տարբերություններ, որոնք վերաբերում են նրանց ուժին։
-Ամեն մեկը իրավահավասար է յուրովի։
—Այո, իրավահավասար է յուրովի, հետևաբար, շատ հեղինակավոր համալսարաններ կարող են կասկածամտաբար վերաբերվել ավելի թույլ երկրների ավելի թույլ հնարավորություններով համալսարանի ներկայացուցիչներին։ Երբ որ նրանք հանդիպում են այնպիսի մի մասնագետի, որն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, այդ ժամանակ վստահության գործոնը բարձրանում է, և այդ անձը կարող է իրենով բարձրացնել տվյալ հաստատության հեղինակությունը և ստեղծել համագործակցության հնարավորություն։
Դասական և ակադեմիական դիվանագիտության մեջ զարգացումները հաճախ ընթանում են անսպասելի ճանապարհով։ Երբեմն գիտնականները ժամանակից առաջ են ընկնում և երեկվա սովորողը այսօրվա սովորեցնող է դառնում։
-Եթե դիտարկենք նախկին գաղութատեր, տիրապետող ժողովրդի և ավելի փոքր ժողովրդի ակադեմիական կապերը, ապա, սովորաբար, նախկին մետրոպոլիաներն իրենց նախկին տիրույթներին դիտում են սովորեցնողի դիրքից, և այդ առումով ազատության շատ մեծ տեղ չի մնում։ Նախկին գաղութային կամ կայսերական կենտրոնների ներկայացուցիչները տվյալ պետություն այցելում են որպես սովորեցնողներ, և նրանց շատ դեպքերում հետաքրքիր էլ չէ՝ ինչ է կատարվում իրենց նախկին մետրոպոլիաներում։ Եվ այս առումով սա իր հետ բերում է որոշակի անհավասարություն։ Բայց այստեղ կարևոր է նորարարությունը։ Հետազոտության ոլորտների վրա պետք է շեշտադրում անել, այնպես որ այցելուները գան, տեսնեն, որ կարելի է սովորել մինչև սովորեցնելը։
***
Փոքր երկրների իրականությունը հաճախ հեռու է դասագրքային պատկերացումներից։ Այստեղ տարածքները սահմանափակ են, իսկ մարդկային ռեսուրսը՝ հեշտ հաշվելի, այդ պատճառով յուրաքանչյուր քայլ ստանում է առանձնահատուկ կշիռ։
Այս պայմաններում թե՛ արտաքին, թե՛ ակադեմիական դիվանագիտությունը պարզապես գործունեություն չեն․ դրանք պետք է լինեն մտածված ընտրություն, հստակ հաշվարկ և նպատակին ուղղված ռազմավարություն։ Չէ՞ որ փոքր պետությունների ուժը հաճախ ոչ թե չափերի, այլ ճիշտ ուղղությամբ գործադրված մտքի մեջ է։

—Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ մտածեք այլընտրանքային մոդելներ։ Փոքր երկրների գլխավոր խնդիրը ո՞րն է։ Փոքր երկրների գլխավոր խնդիրն այն է, որ պետք է գտնել մի մոդել, որով հնարավոր կլինի կոմպենսացնել փոքրությունը։ Այդ ինչը պետք է կոմպենսացնի Հայաստանի փոքրությունը։ Երկար ժամանակ ասվում էր, որ Հայաստանի փոքրությունը կոմպենսացնելու է սփյուռքը։ Բայց այդ կոմպենսացումը կարող է տեղի ունենալ ասիմետրիկ ձևով, տարբեր ոլորտներով, դրանցից մեկը ակադեմիական դիվանագիտությունն է։ Այս առումով եթե նույն Էստոնիայի օրինակը բերեմ, երբ այնտեղ էի սովորում, մեր հայտնի էստոնացի դասախոսներից մեկը միշտ ասում էր՝ էստոնական պետությունը հիմնված է երկու հիմնասյան վրա՝ Տարտուի համալսարան և Տալինի նավահանգիստ։ Այ ո՞րն է լինելու Հայաստանի փոքրության փոխհատուցման միջավայրը։
Կոնֆլիկտներով լի մեր ժամանակներում նման և ոլորտային այլ հարցերի պատասխանները երբեք հեշտ չեն տրվում։ Հաճախ խնդիրները ավելի շատ են, քան լուծումները, հատկապես անկայունության պայմաններում, երբ զարգացումը դանդաղում է, իսկ միջպետկան շփումները՝ հետաձգվում։ Ինչպե՞ս են փոքր պետությունները դրան հակազդում։
— Փոքր պետությունները, սահմանափակումներ ունենալով, շեշտը դնում են իրենց հարևանության վրա, որովհետև հարևանության օրենքը չափազանց կարևոր է։ Իսկ ո՞րն է հարևանի գլխավոր պարտականությունը՝ ինչպես պետք է կրթել նրան, որ նա քեզ առնվազն վնաս չհասցնի, ոչ թե սիրի, այլ վնաս չհասցնի, քանի որ դու ազատ ես քո տան մեջ, բայց դու նաև հարևան ես, մի նավի մեջ ես, ու չես կարող քո սենյակից նավը ծակել, որովհետև երբ որ նավը խորտակվի, ամբողջ նավն է տուժելու։ Հարևանության օրենքը գալիս է դեռևս հին ժամանակներից, և մեծ երկրները ամբողջ աշխարհն են դիտարկում դրա շրջանակով, փոքր պետությունները՝ իրենց տարածաշրջանը։
***

Ուղեղների հոսքի մասին հավանաբար շատ եք լսել։ Այն հատկապես տեսանելի է դառնում անկայունության և պատերազմական ժամանակներում, երբ գիտելիքն ու միտքը սկսում են փնտրել ավելի անվտանգ տարածքներ։ Իսկ եթե անկեղծ լինենք, ապա այդպիսի ժամանակներում էլ հենց հիմա մենք ապրում ենք։
-Ե՛վ պետությունը, և՛ համալսարանը պետք է ուշադրություն դարձնի գիտնականների շարժին, ուղեղների շարժին, որպեսզի մեր երկրի ընկալումը, ինքնընկալումը և իրավիճակը նաև հայկական ձայնով հասանելի լինի։ Եվ, դա նորություն չէ։ Դեռևս 5-րդ դարում մեր շատ հաջողակ մարդիկ այդ ուղեղների շրջանառության արդյունքում են դարձել այնպիսին, ինչպիսին կան՝ սկսած Մովսես Խորենացուց։ Մովսես Խորենացին Ալեքսանդրիայիում է կրթություն ստացել, այնպես չէ՞, իսկ հիմա Ալեքսանդրիայի, Հռոմի և Կոստանդնուպոլսի փոխարեն կան ավել խոշոր ուղեղային կենտրոններ, քաղաքներ, որտեղ հնարավոր է սովորել և սովորեցնել։
Ստեղծված մրցակցային պայմաններում Հայաստանը պետք է գիտությունը օգտագործի որպես աշխարհի հետ երկխոսելու ևս մեկ լեզու։ Դրա համար անհրաժեշտ է սթափ գնահատել իրականությունը և հետևողականորեն զարգացնել գիտական դիվանագիտությունը։ Բայց յուրաքանչյուր ռազմավարություն սկսվում է նույն պարզ հարցից՝ որտեղի՞ց սկսել։
-Սա միլիոն դոլարանոց հարց է։ Այդ հարցին պատասխանելու համար պետք է հսկայական ուսումնասիրություն կատարել, և տվյալ երկրի և համալսարանի իրական ներուժը վեր հանել։
Նախ հասկանանք, թե որ ոլորտում մենք կարող ենք դառնալ առաջնորդ, ոչ թե շարքային հետևորդ։ Օրինակ, Էստոնիայի մոդելը եթե վերցնենք, էլեկտրոնային կառավարումը, կիբեռանվտանգությունը այնտեղ ամենաշատն է կիրառվել։
Հիմա Հայաստանում ի՞նչ պետք է գան սովորելու, որ այլ տեղ ավելի լավ չեն կարող սովորել։ Մասնավորապես, այդ առումով, երբ որ այցելում ենք տարբեր երկրներ, առաջին հերթին շեշտադրում ենք անում էն ոլորտների վրա, որտեղ մենք կարող ենք, եթե ոչ, առաջատար, համենայնդեպս, մրցակցային ծառայություններ մատուցել՝ Եվրասիական ուսումնասիրություններ, Մերձավոր Արևելք, ուսումանսիրել այն երկրները, որոնք փակ են, օրինակ, Արևմուտքի համալսարանների առջև, բայց բաց են մեզ համար։