Հայաստանի Հանրապետությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտածին համարո՞ւմ է Ադրբեջանի սահմանադրությունը. հարց նախարարին

Անկախության հռչակագիրն իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է՝ չնայած պատմական փաստաթուղթ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը, ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ պետություն  տալու առաքելությունը։ Այսինքն՝ այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու Սահմանադրությունը։
Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր դրույթ մանրամասն»,- ասաց Գալյանը։

Հարցին՝ ի՞նքն էլ Նիկոլ Փաշինյանի նման կարծում է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է, նախարարը պատասխանեց՝ ինքը բազմիցս ասել է, որ ոչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպետք է պարունակի ՀՀ անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթներ։

Հաջորդ ճշգրտող հարցին՝ Հայոց ցեղասպանության մասին դրույթը վտանգո՞ւմ է ՀՀ անկախությունն ու խաղաղությունը, Սրբուհի Գալյանը պատասխանեց՝ արդեն հայտնել է իր դիրքորոշումը։

Իսկ Հայաստանի Հանրապետությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտածին համարո՞ւմ է Ադրբեջանի սահմանադրությունը, հետաքրքրվեցին լրագրողները։

«Մենք մեր Սահմանադրությունը կոնֆլիկտածին չենք համարել։ Մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայունացմանը և մեր քաղաքացիների շահերի սպասարկմանը։ Առջևում ազատ և անկախ ընտրություններ են, և քաղաքացիներն ազատ են որոշելու այդ մանդատը կրկին տրամադրել կամ չտրամադրել գործող իշխանությանը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Leave a Comment