Շուտով կմեկնարկի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու ծրագիրը

Շուտով կմեկնարկի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու ծրագիրը

18 մարտի 2026 – 14:29 AMT

PanARMENIAN.Net – Օրեր անց մեկնարկելու է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10-ը տարով երկարացնելու ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, հայտնում է Արմենպրեսը:

«Ընթացքի մեջ է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը՝ մինչև 2026 թվականը (խմբ. 2016 թվականին հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել էր 10 տարով)։ Ընդամենը օրեր անց կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, ինչը ենթադրում է ատոմակայանի ժամկետի երկարացում ևս 10 տարով: Պետական բյուջեից 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ է տրամադրվել Հայկական ատոմային էներգակայանին»,-ասել է Խուդաթյանը։

Նա նաև նշել է, որ պետությունը շարունակում է քննարկումներ վարել տարբեր երկրների և ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման հարցով։ Կառավարությունն արդեն ընտրել է ապագա ատոմակայանի տեսակը, որը լինելու է մոդուլային ատոմակայան։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում կամ 2027 թվականի սկզբին նախատեսվում է ընտրել կոնկրետ մոդելը, որից հետո գործընթացը կանցնի հաջորդ փուլ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մոդուլային ատոմակայանի կառուցման հարցի շուրջ Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։

Leave a Comment