18 մարտի 2026 – 11:45 AMT
PanARMENIAN.Net – Երևանում մեկ տարեկան երեխայի նկատմամբ խորթ մայրը մոտ 1․5 ամիս բռնություն է կիրառել։ Դեպքի վերաբերյալ զարհուրելի մանրամասներ են ներկայացվել ՀՀ դատախազության կողմից, հայտնում է Sputnik Արմենիան:
Երևանի Արաբկիր վարչական շրջանում կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար ֆիզիկական ազդեցություն է գործադրել մեկ տարեկան երեխայի նկատմամբ՝ նրան պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ։ Այս հանգամանքների, ինչպես նաև մարտի 15-ին երեխային ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձի դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով։
Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Ըստ որոշ տեղեկությունների՝ երեխային կենսաբանական մահվան հասցրած կինը 38 տարեկան է։
Երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ փոքրիկի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի այս երեխայից ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնվել են խնամակալության՝ Երևանում բնակվող խնամակալ ընտանիքին, մեկ երեխա տատիկի մոտ է, իսկ փոքրիկը վերջին շրջանում գտնվել է հոր և խորթ մոր խնամքի տակ։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ փոքրիկին կլինիկական մահվան հասցնելը պատահական հանգամանքների հետևանք չի եղել, այլ դիտավորությամբ կատարված գործողություն։