Թեհրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մահվան

Իրանը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների նոր՝ 61-րդ ալիքի մասին՝ ի պատասխան Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան, հայտնել է Press TV-ն։

Իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Լարիջանիի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 18-ին, նույն օրը վերջին հրաժեշտը կտան «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով խորտակված «Դենա» նավի նավաստիներին։

Իրանում նաև հայտնել են, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից հարված է հասցվել Բուշերի ատոմակայանի տարածքին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ արկի ընկնելը չի հանգեցրել նյութական վնասի կամ տուժածների։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, X-ի իր էջում հայտարարել է, որ Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին և քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի Կրակի տոնը։

«Շնորհավոր Նովրուզ: Մենք հետևում ենք ձեզ վերևից»,- նշել է Նեթանյահուն:

Իսրայելի ռազմաօդային ուժերը միաժամանակ զանգվածային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի երեք թաղամասերի՝ Ալ-հոշի, Բուրջ աշ-Շամալի և Ալ-Աբասիայի ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» պատմել են ականատեսները: Վերջիններիս խոսքով՝ Ալ-Աբասիայի շրջանում հարվածների հետևանքով ոչնչացվել է Ալ-Քաիմ մզկիթը: Այլ շրջաններում հարվածի տակ են հայտնվել բնակելի բազմահարկ շենքեր։

Իսրայելի՝ մարտի 18-ի գիշերային հարվածներից հետո վնասներ են արձանագրվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել։

Հայ փորձագետների գնահատմամբ՝ հակամարտության խորացումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի անվտանգության վրա։ Իրանի հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը ուշադրություն է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած հեռախոսազրույցի մասին IRNA գործակալության տարածած հաղորդագրության վրա։

Նրա խոսքով՝ Արաղչին հեռախոսազրույցում «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող ցանկացած երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»։ Ոսկանյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը կարելի է դիտարկել որպես անթաքույց զգուշացում Ադրբեջանին, քանի որ տարածաշրջանի երկրներից միայն Բաքուն ունի սերտ ռազմատեխնիկական համագործակցություն Իսրայելի հետ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նույնպես նշել է, որ Իրանի շուրջ ընթացող պատերազմը շարունակում է խորանալ, սակայն դրա վտանգները Հայաստանում բավարար չափով չեն ընկալվում։ Նա հիշեցրել է, որ Լարիջանիի սպանությունը ցույց է տալիս հակամարտության նոր փուլը, որի հետևանքները կարող են զգացվել նաև Հայաստանում։

Գեղամյանը հիշեցրել է, որ Հայաստանի կենտրոնական բանկն արդեն նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է ազդել գնաճի վրա և դանդաղեցնել տնտեսական աճը։ Փորձագետն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ, և դրանց ազդեցությունը չի կարելի թերագնահատել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Լիբանանը հակամարտության մեջ ներգրավվեց, երբ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ և անօդաչու սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդի սպանության և Իսրայելի հարվածների։

Leave a Comment