18 մարտի 2026 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – Վախճանվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Նա 93 տարեկան էր:
Նա հոսպիտալացվել էր մարտի լույս 17-ի գիշերը՝ ժամը 03:00-ին, ստամոքսային արյունահոսության պատճառով։ Երկրի հոգևոր առաջնորդը միացվել էր արհեստական շնչառության սարքին, հայտնում է Sputnik-georgia-ն:
Առողջապահության նախարարության ղեկավարը հայտնել է, որ նրա մահը պայմանավորված է երիկամային, թոքային և սրտային անբավարարությունների զարգացմամբ։
Իլիա Երկրորդի հայրապետությունը համարվում է Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ ամենաերկարատևը։
Իլիա Երկրորդի առաջնորդության տարիներին Վրաստանում, հատկապես 1980-ականներին, տեղի է ունեցել ուղղափառության լայնածավալ վերածնունդ։ Վերջին տասնամյակներում երկրում թեմերի թիվը հասցվել է 43-ի։ Եթե 1977 թվականին Վրաստանում գործել է ընդամենը 48 եկեղեցի, ապա այժմ դրանց թիվը հասել է մոտ 1000-ի։
Նրա օրոք բացվել են նոր հոգևոր կրթական հաստատություններ, այդ թվում՝ Թբիլիսիի հոգևոր ակադեմիան։ Թբիլիսիում կառուցվել է նաև երկրի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության պատրիարքական մայր տաճարը։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է ազգային սուգ:
Երկրի ամբողջ տարածքում վարչական հաստատությունների շենքերի վրա պետական դրոշները իջեցվել են։
Վրաստանի Պատրիարքի մարմինը հրաժեշտի արարողության համար մարտի 18-ին տեղափոխվելու է Թբիլիսիի Սամեբա մայր տաճար։
Իլիա II-ը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Գեորգիի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին Վլադիկավկազում՝ Գեորգի Շիոլաշվիլիի և Նատալյա Կոբաիձեի ընտանիքում՝ նա ընտանիքի չորրորդ երեխան էր։
1963 թվականի օգոստոսի 26-ին Իլիա II-ը ձեռնադրվել է Բաթումի և Շեմոկմեդիի եպիսկոպոս։ Նա նաև ծառայել է որպես Մցխեթայի հոգևոր ճեմարանի ռեկտոր՝ 1963-ից մինչև 1972 թվականները։ 1967 թվականին դարձել է Սուխումիի եպիսկոպոս, իսկ 1969 թվականից ստացել է մետրոպոլիտի աստիճան։
Կաթողիկոս-պատրիարք Դավիթ V-ի մահից հետո՝ 1977 թվականի նոյեմբերի 9-ին, Սուրբ Սինոդի որոշմամբ նա նշանակվել է պատրիարքական տեղապահ։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է կաթողիկոս-պատրիարք, իսկ Իլիա Երկրորդի գահակալումը տեղի է ունեցել 1977 թվականի դեկտեմբերի 25-ին։