«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, Reuters-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, գրում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։ Ինչո՞ւ է Իրանը նման դիրքորոշում որդեգրել, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, եթե նկատի ունենանք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե շուտով պատերազմը կավարտվի:
– Թրամփին այլ բան չի մնում, քան հանդես գալ նման հայտարարությամբ, որովհետև իրականում ինքը ձախողել է պատերազմը: Իրենք ուզում էին բլից-կրիգով՝ ոչնչացնելով ռազմաքաղաքական էլիտային, Իրանի ժողովրդին գործիք սարքելով, երկրում նշանակել իրենց քիմքին հաճո ղեկավարություն, ինչը փաստացի չկարողացան անել: Այսինքն՝ բլից-կրիգով հաղթանակ ապահովելու հաշվարկը ԱՄՆ-Իսրայել տանդեմը ձախողեց:
Սա խոսում է այն մասին, որ Իրանը բավականին հետամուտ է եղել իր պաշտպանական համակարգի հարցում ու, բացի պաշտպանվելուց, նաև հարձակողական գործողությունների է դիմել, ինչն էլ իր արդյունքը տվեց: Բառացիորեն ժամեր առաջ Թրամփն ասում էր, տառացիորեն մեջբերում եմ. «Նախատեսված չէր, որ Իրանը պետք թիրախավորեր Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, նրանք հարձակվեցին Կատարի վրա, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրենի, Քուվեյթի վրա, ու ոչ ոք նման բան չէր սպասում»: Անգամ Թրամփն է ապշած, այսինքն՝ հեգեմոն երկրի ղեկավարը, որը հրահրել է պատերազմ, չէր սպասում, որ վերոնշյալ երկրները Իրանից հակահարված կստանան: Այսինքն՝ եթե այդ մարդն իսկապես անկեղծ ապշած է, ապա ինքը քաղաքականապես ոտաբոբիկ է, այսինքն՝ օդիոզ կերպար, որն ընդամենը չհաշվարկված պատերազմի մեջ է մտել՝ առանց հեռահար հաշվարկների ու սեփական ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:
ԱՄՆ ժողովուրդը դեմ էր այս պատերազմին, սա ընդամենը ԱՄՆ նախագահի քմահաճույքն է, այս գործողությունը անգամ իրավական տեսանկյունից է խոցելի: Երբ իմփիչմենթի գործընթացը մեկնարկի, ու սեպտեմբերին մեկնարկի Կոնգրեսի ընտրությունները, Թրամփը բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնելու, որովհետև թե՛ Սենատը, թե՛ Կոնգրեսը համաձայնություն չեն տվել այս պատերազմին, հետևաբար 6 միլիարդ դոլարից ավելի գումարը, որ ծախսվել է մինչև այս պահը, ընդամենը նախագահի քմահաճույքն է եղել:
Պատերազմական գործողությունները հիմա շարունակվում են, Իրանն ասում է, որ ինտենսիվ ռազմական գործողություններով անգամ մինչև հոկտեմբեր ամենօրյա ռեժիմով կարող են դիմակայել: Քանի որ իրավիճակ է փոխվել, ու քանի ԱՄՆ-ում փորձագետները ու Թրամփին հարող մարդիկ միաբերան խորհուրդ են տալիս օր առաջ դադարեցնել պատերազմը, անգամ թոզ փչելով մարդկանց աչքերին, թե ԱՄՆ-ն հաղթանակ է տարել, բայց փաստն այն է, որ այս պահին իրավիճակը թելադրում է իրանական կողմը, Իրանն ունի իր պահանջ-պայմանները: Առաջնային պայմանն այն է, որ ամերիկյան ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Պարսից ծոցի ավազանի բոլոր երկրներից, պետք է ռազմական հանցագործությունների փոխհատուցում լինի՝ Իրանին հասցված վնասների համար:
– Այսինքն, որ ԱՄՆ-ին հիմա պետք է օր առաջ պատերազմը դադարի՞:
– Իրենց պետք է պատերազմի դադարեցում, բայց գեղեցիկ, պաթետիկ խոսքերով փաթեթավորված, թե դա հաղթանակ է, որովհետև իրենց համար պլան Ա-ն, այո՛, մասամբ կատարվել է, բայց իրենք չէին հաշվարկել, որ Իրանը խորքային պետություն է, ու անհնար է հոգևոր պետությունը դարձնել աշխարհիկ:
Փաստացի ԱՄՆ-ն կոտրած տաշտակի առաջ է հայտնվել, ու իրեն պետք է իր իմիջը ու գահավիժող վարկանիշը պահելու համար ցույց տալ, թե իրենց առաջ դրված խնդիրը փայլուն կատարել են, բայց փաստացի այսօր Իրանն է թելադրում իրավիճակ ու չի հրաժարվել իր կարմիր գծերից, որոնց մասին խոսել էր մինչև պատերազմը: Թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ-ն փաստի առաջ են կանգնած ու իրենց դեմքը պետք է պահեն հիմա:
– Այս պարագայում Իրանն ի՞նչ գործողությունների կդիմի, պարո՛ն Կարապետյան:
– Իրանն այս պահին սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ փոխհատուցման պահանջի վերաբերյալ, ու Աբբաս Արաղչին ասել է, որ որևէ բանակցություն չի լինելու, մինչև իրենց առաջնահերթ պահանջները, որոնք ես վերևում նշեցի, չբավարարվեն: Ստացվում է, որ հիմա ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի, Իրանը հարվածելու է այնքան ժամանակ, մինչև իր պահանջները բավարարվեն: Այս պահին, երբ մենք խոսում ենք, Իրանը հրթիռակոծում է Թել Ավիվը:
– Ինչպե՞ս կգնահատեք պատերազմի ընթացքում Իրանի նկատմամբ հարևան երկրների դիրքորոշումը, գործողությունները, որովհետև կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է հումանիտար օգնություն ուղարկեր Իրան:
– Համենայնդեպս, հումանիտար օգնություն կարելի էր տրամադրել, որը տեղի չի ունեցել, հայկական կողմը դա կարող էր անել: Ես միշտ եմ նշել, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է մաքսիմալ չեզոքություն պահպանի, բայց անհաղորդ չմնա, գոնե օգնության դրսևորում պետք է լիներ: Ադրբեջանն ինչպես արեց, հումանիտար բեռ ուղարկեց նույնիսկ այն պարագայում, երբ նախիջևանյան սցենարը տեսավ:
– Իսկ Հայաստանն ինչո՞ւ չարեց այն, ինչ Ադրբեջանը:
– Կախվածության մեջ լինելով ԱՄՆ-ից՝ մտահոգություն ունի, որ այդ քայլը կարող է ոչ բարեկամական դիտարկվել, դրա համար էր Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանը աղերսագին խնդրում, որ Հայաստանը չներքաշեն պատերազմական իրավիճակների մեջ, որովհետև խոսքը Հայաստանի դաշնակից, եղբայրական պետության մասին է:
– Իսկ այդ դաշնակից, եղբայրական պետությունը ինչպե՞ս կվերաբերվի Հայաստանի այդ քայլին:
– Հայաստանի պահով, հիմա ավելի քան վստահ եմ, որ որոշ վերապահումներ ունեն ու իրենց վարքագիծը ամեն դեպքում փոխելու են, որովհետև պլան մինիմումը նման իրավիճակներում, որը դրված է, Հայաստանը չի արել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am