Էջմիածին քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Արամ Միրզոյանն անդրադարձել է իր կնոջ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և հերքել առաջադրված մեղադրանքները:
Նրա խոսքով, գործի հիմքում ընկած հողատարածքների չափերի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Ի՞նչ մեղադրանք կար: Ինչ որ տարածքով հող են ասել, հետո պարզվեց, որ այդ տարածքի չափով չի», – հայտարարել է Միրզոյանը:
Անդրադառնալով գործի հնարավոր քաղաքական ենթատեքստին, նա նշել է, որ չի կարծում, թե ինչ-որ մեկը «վերևներից» հրահանգ է տվել քրեական գործ հարուցել: Միաժամանակ, նա պարզաբանել է, որ իր նկատմամբ առաջադրված՝ խաղատանը պարտվելու և խոշոր գումարներ չհայտարարագրելու մեղադրանքը ևս չի ընդունում:
Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով վեց ու կես տարի զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը, 2025 թվականի մայիսին հրաժարական էր տվել: Պաշտոնական վարկածով պատճառը անձնական էր, սակայն մամուլում պարբերաբար հրապարակումներ էին հայտնվում նրա և նրա ընտանիքի անդամների կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականի ամռանը Գասպարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել: Նույն տարվա դեկտեմբերին քննությունն ավարտվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման համար: Քննության տվյալներով, 2022-2023 թվականներին Գասպարյանը ապօրինի կերպով օգնել է իր զոքանչին պատկանող ընկերությանը՝ համայնքային հողատարածք ձեռք բերելու հարցում: Ըստ քննիչների, հողն օտարվել է շուկայական արժեքից զգալիորեն ցածր գնով (պետությանը պատճառված վնասը գնահատվել է 243 միլիոն դրամ)։
Նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Գասպարյանի ամուսնուն՝ Արամ Միրզոյանին, և նրա ծնողներին:
