Մարտի 17-ին Գ․ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը (Public Sector Innovation Forum III), որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) նորարարության կենտրոնի կողմից։
Համաժողովը համախմբեց ավելի քան 1000 մասնակցի՝ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների , մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեխնոլոգիական, կրթական հաստատությունների և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար Ն․Գ․ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Գ․ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ռազմավարական ուղերձով։
Իր ռազմավարական ուղերձում Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Գ․ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հանրային ոլորտի նորարարությունը պարզապես կառավարման գործիք չէ, այլ հզոր և առաջադեմ պետություն կերտելու ազգային առաջնահերթություն։ Նա առանձնահատուկ շեշտեց կրթության և նորարարական մտածողության անկյունաքարային դերը՝ հավելելով, որ հստակ տեսլականով առաջնորդելը ենթադրում է գիտելիքի վրա հիմնված այնպիսի պետական համակարգի ձևավորում, որը մշտապես նայում է ապագային, բաց է նոր գաղափարների առաջ և անդադար կատարելագործվում է՝ հանուն յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության։ «Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ ու արդյունավետ արձագանքելու և նոր մոտեցումներ որդեգրելու կարողությունից։ Այդ իսկ պատճառով հանրային կառավարման համակարգում անհրաժեշտ է խրախուսել ստեղծագործ մտածողությունն ու նախաձեռնողականությունը։ Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, տարբեր հաստատությունների միջև սերտ համագործակցություն և քաղաքացիների կարիքներին առավել զգայուն մոտեցում»,- իր ողջույնի խոսքում շեշտեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումները կենտրոնացած են առաքելահեն և ճկուն կառավարման, քաղաքականությունների մշակման և իրականացման, հանրային ծառայությունների արդիականացման, սոցիալական քաղաքականությունների, ֆինանսավորման նոր մոտեցումների և պետական համակարգերում արհեստական բանականության կիրառման շուրջ։ Տեղական և միջազգային փորձի համադրությունը կնպաստի բովանդակային ու գործնական քննարկման ձևավորմանը՝ այն մասին, թե ինչպես կարող են հանրային համակարգերն առավել արդյունավետ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին։
«Շատ կարևոր է, որ հանրային կառավարման բարեփոխումներն իրականացվեն համապետական մակարդակում, քանի որ դրանք ազդելու են բոլորի՝ թե՛ ինստիտուտների, թե՛ համայնքների և թե՛ յուրաքանչյուր բնակչի վրա։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողոովը ևս մեկ կարևոր քայլ է լինելու հանրային կառավարման բարեփոխումների մեր մեծ ու պատասխանատու ճանապարհին»,- իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցության շրջանակում Եվրոպական միությունը հատուկ կարևորություն է տալիս ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու նորարարությանը։ Նորարարության և մրցունակության մասին խոսելիս մենք սովորաբար հասկանում ենք միայն մասնավոր հատվածը։ Սակայն ես հավատացած եմ, և հենց դա է այս համաժողովի բուն նպատակը, որ հանրային ոլորտում նորարարությունը նույնքան վճռորոշ է։ Մենք պետք է կիրառենք նորարարությունը՝ առավել արդյունավետ, արձագանքող և քաղաքացիակենտրոն պետական համակարգ ստեղծելու համար»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հանրային ոլորտում նորարարությունը պարզապես նոր գործիքակազմ չէ. դա անընդհատ կատարելագործվելու և հասարակությանն առավել բարձր որակով ծառայություններ մատուցելու մշակույթ է։ ՄԱԶԾ-ն մեծապես արժևորում է Հայաստանի հետ գործընկերությունը՝ միտված այնպիսի ճկուն և մարդակենտրոն հանրային ինստիտուտների կայացմանը, որոնք ապահովում են կայուն զարգացում և հավասար հնարավորություններ բոլորի համար։ Այս համաժողովը հիանալի հարթակ է՝ մեկտեղելու լավագույն փորձն ու միասին կերտելու ապագային միտված հանրային կառավարման համակարգ», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Համաժողովի կարևոր բաղադրիչներից էր նաև մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ճանաչվեցին այն անհատներն ու կառույցները, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանում հանրային ոլորտում նորարարական մշակույթի զարգացմանը։ Նման նախաձեռնություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ ոչ միայն արժևորում են արդեն իսկ իրականացված աշխատանքը, այլև խթանում են շարունակական առաջընթացը, նոր լուծումների որոնումը և հանրային արժեքի ստեղծմանն ուղղված համագործակցությունը։ Այդպիսի ճանաչման շարունակականությունը կարևոր է՝ որպես վստահություն ձևավորող, օրինակելի փորձը տեսանելի դարձնող և նոր քայլերը խրախուսող գործիք։
Այս տարվա մրցանակակիրներն են՝
Թվային լուծումներով խթանված նորարարություն
- ՀՀ ՆԳՆ թվայնացումը համակարգող խորհրդական Աննա Հարությունյան
- ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան
Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյան
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյան
Մարդակենտրոն նորարարություն
- ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյան
- ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
Կառավարման նորարարություն
- ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Արաիկ Եսայան
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան
- ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը ևս մեկ կարևոր հնարավորություն է փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և ապագա համագործակցության ուղիների նախանշման համար։ Այն վերահաստատում է, որ Հայաստանում առկա է ավելի մարդակենտրոն, ճկուն և արդյունավետ կառավարման համակարգեր ձևավորելու շուրջ համատեղ առաջ շարժվելու պատրաստակամություն։
Համաժողովի օրակարգին և լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://forum.sdglab.am/hy։
