Նախարար․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա՝ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ

Նախարար․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա՝ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ

17 մարտի 2026 – 13:21 AMT

PanARMENIAN.NetՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չի քննարկվում, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ բացատրություն է ներկայացվել նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնից ազատման վերաբերյալ, նախարարը պատասխանել է, որ բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտնում է «Ազատությունը»:

Անդրեասյանն ընդգծել է, որ գնահատում է Գզոյանին որպես գիտնականի և գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ թանգարանում:

«Այդ իմաստով կարծում եմ՝ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն», – նշել է Անդրեասյանը՝ հավելելով՝ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ։

Հարցին, թե արդյոք Գզոյանը տեղեկացվել է տարիներ շարունակ գործող արարողակարգի փոփոխության մասին, նախարարը նշել է, որ այդ հարցի պատասխանատուն ինքը չէ։

Միաժամանակ Անդրեասյանը հերքել է տեղեկությունները, թե թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ավելի վաղ ասվել է, որ տնօրենի ազատումը կապված է հուշահամալիրի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետ։ Նա նշել է, որ աշխատակիցների հետ ունեցել է միայն մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել նախորդ օրը։

«Մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, և ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատվությունը, և բարձրացված այն հարցերին եմ անդրադարձել, որ իրենց մոտ եղել է: Ես հենց սկզբից էլ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով և շարունակում եմ հենց այս տեսանկյունից», – նշել է նա։

Նախարարի խոսքով՝ աշխատակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել նրանց գիտահետազոտական գործունեությանը։ Նրա պնդմամբ՝ աշխատակիցներին կոչ է արվել վերադառնալ բնականոն աշխատանքային ընթացքին, իսկ Արցախի թեմայով բաժինը փակելու մասին որևէ խոսք չի եղել։

Անդրեասյանը միաժամանակ նշել է, որ ընդհանուր առմամբ բարձրացրել է նաև հուշահամալիրում իրականացվող շինարարական աշխատանքներին առնչվող հարցերը։

Նախարարը նաև պատասխանել է հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, ըստ որի Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել, ինչը գնահատվել է որպես սադրիչ քայլ, և նրա ցուցումով գրվել է ազատման դիմում, հայտնում է Panorama.am-ը:

«Գզոյանը հանդիսանում էր տնօրեն, հետևաբար կառավարման խնդիր է։ Եթե մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությանը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին։ Ինձ համար հարցը սպառված է։ Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,-ասել է նախարարը:

Մի քանի օր առաջ թանգարան-ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցները դիմել էին վարչապետին՝ ակնկալելով, որ որոշումը կվերանայվի։ Նրանք «Ազատության» հետ զրույցում ասել են, որ իրենց կարծիքը որևէ մեկը չի հարցրել։ Մի խումբ ցեղասպանագետներ ևս բաց նամակով մտահոգություն են հայտնել Էդիտա Գզոյանի պաշտոնանկության կապակցությամբ։

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մոտ մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրենը հեռացել է պաշտոնից։ Աշխատակիցները փոխանցել էին, որ իրենց տեղեկացվել է, թե Գզոյանը պաշտոնից ազատվել է շինարարական աշխատանքների հետ կապված պատճառներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ հայտնել է, որ Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։

Leave a Comment