Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը պատիժ չպիտի հասնի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախը հանձնելու, մեր երկիրը օկուպացնելու համար երբ են պատժվելու իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ իրենց օրոք է պատերազմ եղել, Սինանյանն արձագանքեց.
«Հետո՞ ինչ, այ քեզ բան, այսի՞նքն… Ես մի հասարակ օրինակ տամ. մարդը, ասենք, հարբեցող է, կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիրոզ է ստացել, խմում է, խմում է, վերջին վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են՝ փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ «բժիշկը» կարող էր հրաժարական տալ և ասել, որ չի կարողանում իրավիճակը փոխել, բուժել, հրաժարական է տալիս, հեռանում է, Սինանյանն արձագանքեց.
«Ձեր ասածն անպատասխանատվություն է։ Ի՞նչ է նշանակում՝ հրաժարական տար։ Նա իրավիճակը ներկայացրել է այնքանով, ինչքանով ինքը տեղյակ է եղել»։