Դիտավորյալ արարքի հետևանք է․ ՆԳ նախարարը՝ 1-ամյա երեխային դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին

Նախարարը հաստատել է, որ խոսքը խորթ մոր մասին է


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով 1-ամյա երեխային դաժան ծեծի ենթարկելու դեպքին։


Նախարարը հայտնել է, որ նախարարության կողմից անմիջապես հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտե։ 


«Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ, և այն անձը, որը մեր տվյալներով կասկածվում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է և հանձվել է Քննչական կոմիտեին», – նշել է Սարգսյանը։ 


Նախարարը նաև հաստատել է, որ խոսքը խորթ մոր մասին է։ 


Հիշեցնենք, որ 1–ամյա Ալեքսանը ծանր վիճակում, կլինիկական մահ ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ։ Նախնական տվյալներով՝ նա մոր բացակայության ընթացքում ենթարկվել է դաժան ծեծի։ Երեխան որոշ ժամանակ բնակվել է հոր և նրա երկրորդ կնոջ հետ։ Երեխայի մայրը հայտնել է, որ  երեխային մի քանի օրով թողել է նրա հոր և հոր երկրորդ կնոջ տանը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու ընտանիքի հետ լավ հարաբերություններ է ունեցել և կարծում էր, որ երեխան այնտեղ ապահով կլինի։


Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ձերբակալվել է երեխայի հոր երկրորդ կինը։

Leave a Comment