16 մարտի 2026 – 17:30 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետներից մեկն անտառապահի հետ խմբով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողների օգտին ապօրինի անգործություն է դրսևորել և նրանցից պարբերաբար կաշառք է ստացել՝ ապօրինի ծառահատումներն անխոչընդոտ իրականացնելու դիմաց։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ անտառապետը երկու քաղաքացիների կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց 2023 թվականի հոկտեմբերին որպես կաշառք պահանջել է 105,000 ՀՀ դրամ՝ նախատեսելով դրա մի մասը փոխանցել անտառապահին։ Բացի դրանից, բացահայտվել է ևս մեկ դեպք, երբ նույն անտառապետը և անտառապահը խմբով նույն ժամանակահատվածում կաշառք են ստացել ապօրինի ծառահատումների դիմաց։
Քրեական վարույթով նաև պարզվել է, որ նույն անտառապետը իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է պետական շահերին վնաս հասցնելու նպատակով և իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից կատարված ծառահատումները, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների մասին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս երեք անձի, այդ թվում՝ անտառապահին։
Քրեական վարույթով նախաքննությունն արդեն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հիշյալ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնց մասով նախաքննությունը շարունակվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։