16 մարտի 2026 – 18:35 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,- գրել է Ֆանյանը։
Փետրվարի 13-ի վաղ առավոտյան Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025 թվականներին իր կարիքների համար ապրանքներ և բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե ՀԱԵ հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից՝ ավելի բարձր գնով, թեև հնարավորություն է ունեցել նույն պարագաները ներմուծող կամ արտադրող ընկերություններից ձեռք բերել ավելի ցածր արժեքով։