Հայաստանում ԵՄ–ի հետ համատեղ մշակում են թվային շուկաների կարգավորման կանոններ․ հանձնաժողովի նախագահ (ԲԱՑԱՌԻԿ)

Ներկայումս ԵՄ-ում գործում են երկու առանցքային կանոնակարգեր՝ ուղղված թվային շուկաների և ծառայությունների կարգավորմանը՝ DMA-ն (Digital Markets Act) և DSA-ն (Digital Services Act)

Հայաստանում ԵՄ–ի հետ համատեղ մշակում են թվային շուկաների կարգավորման կանոններ․ հանձնաժողովի նախագահ (ԲԱՑԱՌԻԿ)


ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում Եվրոպական միության հետ համատեղ մշակվում են թվային շուկաների կարգավորման կանոններ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:


«Ներկայումս ԵՄ-ում գործում են երկու առանցքային կանոնակարգեր՝ ուղղված թվային շուկաների և ծառայությունների կարգավորմանը՝ DMA-ն (Digital Markets Act) և DSA-ն (Digital Services Act): Հիմա մենք աշխատում ենք այդ փաստաթղթերի հետ», — ասաց Գևորգյանը:


Նրա խոսքով՝ իրականացվում են նաև մի շարք նախագծեր մասնավոր ընկերությունների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:


«Առաջիկայում մենք պլանավորում ենք սկսել քննարկումները նրանց հետ և ակնկալում ենք, որ Հայաստանը կունենա սեփական կարգավորումներն այս ոլորտում», — նշեց Գևորգյանը:


DMA կանոնակարգն ուղղված է խոշորագույն տեխնոլոգիական հարթակների շուկայական իշխանության սահմանափակմանը, որոնց ԵՄ-ում անվանում են «գեյթքիփերներ» (gatekeepers):


DSA-ն վերաբերում է համացանցում կոնտենտին և օգտատերերի անվտանգությանը՝ սահմանելով կանոններ սոցիալական ցանցերի, մարքեթփլեյսների, տեսահարթակների և որոնողական համակարգերի համար:

Leave a Comment