Վաղը Երևանում՝ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, կմեկնարկի Հանրային ոլորտի նորարարության III համաժողովը (Public Sector Innovation Forum III)։ Այն կանցկացվի մարտի 17–18-ը։
Համաժողովը կազմակերպում է ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ նորարարության կենտրոնը։
Այս տարվա համաժողովի առանցքում մեկ հիմնական հարց է՝ ինչպե՞ս կարող են պետությունները ձևավորել կառավարման այնպիսի համակարգեր, որոնք ունակ են ապահովել ոչ թե կարճաժամկետ արդյունքներ, այլ երկարաժամկետ, համակարգային և կայուն փոփոխություններ։ Այդ համատեքստում քննարկումները կկենտրոնանան ինստիտուցիոնալ պայմանների, կառավարման նորարարական մոտեցումների և համագործակցության մոդելների վրա, որոնք պետական համակարգերին հնարավորություն են տալիս դառնալ փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ։ Կարևոր ուշադրություն կդարձվի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, միջոլորտային և բազմաշահառու համագործակցության խթանմանը, ինչպես նաև հանրային արժեք ստեղծելու ավելի արդյունավետ և պատասխանատու մեխանիզմների ձևավորմանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են հիմնական ելույթներ, քննարկումներ և աշխատարաններ՝ միավորված մի քանի թեմատիկ ուղղությունների շուրջ։ Օրակարգը ներառում է առաքելահեն, մարդակենտրոն և ճկուն կառավարման մոտեցումներ, պետական ռազմավարությունների իրականացման մարտահրավերներ, հանրային ֆինանսների և ազդեցության ֆինանսավորման նոր մեխանիզմներ, հանրային ծառայությունների արդիականացում, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ռազմավարական կիրառումը պետական կառավարման համակարգում։
Համաժողովում կքննարկվեն նաև կառավարման համակարգերում վստահության վերականգնման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցեր, քաղաքականությունների մշակման և իրականացման միջև առկա բացերի հաղթահարման ուղիներ, արժանապատվության և բարեկեցության վրա հիմնված սոցիալական քաղաքականությունների զարգացում, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով համակարգային փոփոխությունների ֆինանսավորման նոր մոտեցումներ։
Հանրային ոլորտի նորարարության III համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։ Մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Demos Helsinki-ից, University College London-ից, միջազգային նորարարական լաբորատորիաներից և առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններից։
Համաժողովի նպատակն է ստեղծել բաց և համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և գործնական լուծումների մշակման համար՝ նպաստելով Հայաստանում ավելի ճկուն, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման համակարգի ձևավորմանը։
Համաժողովի օրակարգին և գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ forum.sdglab.am:
