ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից օգտվող երկրները պետք է ջանք գործադրեն այն բացելու համար։ Նաև նշել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն չի ցանկանում, քանի որ գործարքի «պայմանները դեռ բավականաչափ լավ չեն»։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի հետ զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
-Ձեր կարծիքով՝ ո՞ր երկրները կգնան այս Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարության հետքերով։
-Դժվար է ասել, թե որ երկրները կգնան այդ հայտարարության հետքերով։ Ստեղծվել է բարդ իրավիճակ․ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա, իսկ հիմա Վաշինգտոնը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցից օգտվող երկրներն էլ պետք է մասնակցեն այն բաց պահելուն։ Միևնույն ժամանակ կան տվյալներ, որ Հնդկաստան կամ Չինաստան նավթ տեղափոխող նավերը, առնվազն Իրանի կողմից, հակազդեցության չեն հանդիպում։
Այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե որ երկիրը պատրաստ կլինի վտանգել իր զինվորների կյանքը և նեղուցը ուժով բաց պահելու համար այնտեղ ռազմանավեր ուղարկել։ Այս իրավիճակից հիմնական տուժողը Եվրոպական միությունն է, որը առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունի՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո ավելի թանկ էներգակիրներ ձեռք բերելու պատճառով։ Սակայն հարց է՝ արդյոք եվրոպական երկրները պատրաստ կլինե՞ն թեկուզ անուղղակիորեն ներգրավվել Իրանի դեմ պատերազմին։ Թրամփի տրամաբանությունը հասկանալի է․ ԱՄՆ-ը այդ նեղուցից մեծ կախվածություն չունի, իսկ որպես նավթի և գազի խոշոր վաճառող՝ գների բարձրացումից նույնիսկ կարող է շահել։ Բայց մյուս կողմից սա նաև ցույց է տալիս, որ ԱՄՆ քայլերը կարող են վնասել նույնիսկ իր դաշնակիցների շահերին։
-Թրամփը նշել էր նաև, որ գործարք կնքելու համար «պայմանները դեռ բավականաչափ լավ չեն»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմաններ կարող են առաջ քաշված լինել։
-Նշեմ, որ այստեղ բավական հայելային իրավիճակ է ստեղծվել, որովհետև պաշտոնապես Իրանն էլ, առնվազն արտաքին գործերի նախարարի մակարդակով, հրապարակային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցությունների մեջ չի մտել և առաջարկ չի ներկայացրել. հետևաբար առկա են իրար հակասող տվյալներ։
Եթե նայում ենք Իրանի պաշտոնական հայտարարություններին, հստակ ասում են, որ այս անգամ ռազմական գործողությունները չեն կարող ավարտվել սոսկ զինադադարով, ինչպես, օրինակ, եղավ 2025 թվականի հունիսին։ Քանի որ, ըստ իրանցիների, ստացվում է, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են երեք շաբաթով հարձակվել Իրանի վրա, լուրջ վնասներ հասցնել երկրի տնտեսությանը, սպանել մարդկանց, հետո ասել՝ «լավ, եկեք զինադադար կնքենք», հաջորդ տարի կրկնել նույնը։ Այս տրամաբանության մեջ հնարավոր է, որ նման գործողություններ շարունակվեն 2027-ին, 2028-ին, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը նախագահն է։ Իրանը պնդում է, որ պետք է լինի փաստաթուղթ, որը պարունակի որոշակի երաշխիքներ, որ երրորդ պատերազմ չի լինի։ Սակայն սա խնդրահարույց է
–Իսկ ինչու՞ է խնդրահարույց։
-Որովհետև անհասկանալի է, թե ով կարող է նման երաշխիքներ տրամադրել։ Նախ՝ դժվար թե ԱՄՆ-ն ստորագրի որևէ փաստաթուղթ, ապա՝ անհասկանալի է, թե ով կարող է երաշխիք տալ, որ Միացյալ Նահանգները չի հարձակվի այս կամ որևէ այլ պետության վրա։ Հատկապես ներկայիս աշխարհում, երբ ընդհանրապես կարգ ու կանոն չկա, ուժեղ կողմերը կարող են անել այն, ինչ ցանկանում են։ Հետևաբար այս պահի դրությամբ դժվար է ասել, թե հնարավոր է համաձայնության հասնել։ Ավելի հավանական սցենարը այն է, որ որոշ ժամանակ անց, օրինակ՝ երկու շաբաթից՝ մարտի վերջից կամ ապրիլի սկզբին, ԱՄՆ-ը կարող է հայտարարել, որ պատերազմից դուրս է գալիս, բայց Իրանը կասի՝ ոչ, այս պայմաններն իրեն ձեռնտու չեն, և պատերազմը ավարտված չէ։ Մերձավոր Արևելքում անկայունությունը կշարունակվի, և այս պահի դրությամբ առավել հավանական սցենարը հենց սա է՝ գոնե առաջիկա ամիսների համար։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ «ԱՄՆ վարչակազմի համար այսօր TRIPP-ն առաջնահերթությունների մեջ չէ, որովհետև տեսնում եք՝ ինչ է կատարվում ու ինչով են զբաղված»։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք. արդյոք հնարավոր առաջընթաց մոտ ապագայում չենք ունենա։
-Ընդհանրապես TRIPP-ի հետ կապված, նախ՝ նույնիսկ եթե Իրանի պատերազմը հանենք, այս պահի դրությամբ դեռ նույնիսկ այսպես կոչված TRIPP-ի զարգացման ընկերությունը գրանցված չէ։ Որպես առաջին քայլ ենթադրվում է, որ պետք է ստեղծվի TRIPP Development Company՝ ԱՄՆ-ին 74 % բաժնետոմսերով, իսկ 26 %-ը՝ Հայաստանին, որպեսզի կազմակերպությունը գրանցվի Հայաստանում, ունենա կանոնադրություն, և գրանցումից հետո նոր միայն ձեռնամուխ լինի շինարարական աշխատանքների մեկնարկին։ Այսինքն՝ նույնիսկ առանց Իրանի հետ պատերազմի ակնկալվում է, որ նախապատրաստական աշխատանքները 2026-ին հազիվ էլ ավարտվեն, հետևաբար բուն շինարարությունը, գոնե երկաթուղու մասով, կարող է սկսվել 2027-ից ոչ շուտ։
-Իսկ առհասարակ պատերազմը ի՞նչ ազդեցություն կունենա TRIPP-ի իրագործման վրա։
-Այստեղ կարող են լինել տարբեր հնարավոր սցենարներ։ Առաջինը՝ ամերիկացիները TRIPP-ը ներկայացնում են նաև որպես միջին միջանցքի մաս, այսինքն՝ նրանք պնդում են, որ TRIPP-ով Կենտրոնական Ասիայից բեռներ պետք է տեղափոխվեն Եվրոպա և հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Կենտրոնական Ասիայից՝ Կասպից ծով, այնուհետև Ադրբեջան, Վրաստան, Սև ծով, Եվրոպա կամ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծով դեպի Եվրոպա։ Ամերիկացիները նախատեսել էին, որ TRIPP-ը պետք է դառնար Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ևս մեկ ուղի։ Եթե պատերազմի արդյունքում Իսլամական Հանրապետությունը մնում է և դառնում ավելի հակաամերիկյան, ապա չի կարելի բացառել, որ TRIPP-ը Իրանի համար ավելի անընդունելի կլինի։ Մենք գիտենք, որ 2025-ի օգոստոսից Իրանը միշտ վերապահումներ ուներ TRIPP-ի հետ կապված, և Հայաստանը փորձում էր հանգստացնել՝ ասելով, որ սա Իրանի դեմ չի ուղղված։
-Արդյո՞ք կոշտ դիրքորոշում կունենա։
-Ես կարող եմ ենթադրել, որ այո՛, բարդ կլինի Իրանին համոզել, որ ամերիկյան ներգրավումը որևէ խնդիր չի ստեղծում։
Եվրոպայի ուղի դիտարկելու դեպքում չի բացառվում, որ Իրանը որոշակի քայլերի դիմի TRIPP-ի դեմ՝ Հայաստանի, Նախիջևանի կամ Ադրբեջանի տարածքում, ինչը կնվազեցնի այդ ճանապարհով խոշոր բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը կամ գրավչությունը։ Այդ դեպքում առավելագույնը TRIPP-ը կարող է մնալ որպես Ադրբեջանը Թուրքիային կապող ուղի՝ Նախիջևանի տարածքով։ Եթե պատերազմի հետևանքով Իրանի ներքին անկայունությունը ավելանա, և կենտրոնական իշխանությունը թուլանա, ձևավորվեն ոչ պետական ակտորներ, առաջանա որոշակի քաոս, դա ևս բացասական կարող է ազդել TRIPP-ի վրա։ Քանի որ երկաթուղին անցնում է Իրանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, և ցանկացած անկայունություն այդ հատվածում բացասական կազդի TRIPP-ի գրավչության վրա։
Սցենարների իրականացման մասին այս պահի դրությամբ գրեթե անհնար է ասել. պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը, և որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ավելի ճշգրիտ եզրակացություններ անել կամ խոսել սցենարների հավանականության մասին։
Լիլիթ Աբրահամյան
