Արցախ Միությունը բրիտանական խորհրդարանում ներկայացրել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը

Արցախ Միությունը բրիտանական խորհրդարանում ներկայացրել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը։

Միության կայքէջից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բազմակուսակցական խմբի նախաձեռնությամբ և Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ մեկնարկած խորհրդարանական հետաքննության առաջին նիստում որպես հիմնական բանախոս հանդես է եկել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: Նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին փաստերը։

Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելու համար:

Բանավոր վկայությանը զուգահեռ՝ խորհրդարանին և IBAHRI-ին է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով: Փաստաթուղթն, ըստ հեղինակների, ներկայացնում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացման և յուրացման դեպքերը՝ փաստելով, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և միտված են Արցախում հայկական հետքը վերացնելուն:

Նշվում է, որ հինգ փուլից բաղկացած հետաքննության արդյունքում հրապարակվելիք վերջնական զեկույցը կուղղվի Մեծ Բրիտանիայի կառավարությանը և միջազգային կառույցներին:

Leave a Comment