16 մարտի 2026 – 16:12 AMT
PanARMENIAN.Net – Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլի իրականացմամբ կարելի է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, հայտարարել է տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Այդ մասին նա խոսել է մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որն ացել է տնտեսագետների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ:
Որպես այդպիսի քայլերից մեկը նշվել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը 10%-ով, հայտնում է Aysor.am-ը:
Միքայել Մելքումյանի առաջարկած առաջնահերթ քայլերն են՝
1․ 10 մարզում ստեղծել հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։
2․ Անմիջապես գործարկել ներդրումների աջակցության «մեկ պատուհան» ծրագիրը։
3․ Առաջիկա երկու տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանում սահմանված 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել առնվազն մինչև 120,000 դրամ՝ այն հասցնելով գործող մոտ 300 հազար դրամ միջին աշխատավարձի 40 տոկոսին։
4․ Թոշակներն ու աշխատավարձերը ինդեքսավորել գնաճից առաջանցիկ կերպով և նվազագույն թոշակը սահմանել նվազագույն կենսաապահովման զամբյուղից ոչ ցածր՝ 82 հազար դրամ։
5․ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափը սահմանել 1 տոկոս։
6․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 10 տոկոսով։
7․ 2026 թվականի դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը կրճատել առնվազն երկու անգամ։
8․ Մինչև 3 մլն դրամ վարկեր ունեցող քաղաքացիների համար հայտարարել վարկային համաներում՝ տույժերի և տուգանքների մասով։
9․ Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման և իրացման նախնական պայմանագրեր կնքել և պետական աջակցությամբ բոլոր մարզերում ձևավորել սառնարանային, պահեստային և տարայավորման տնտեսություններ։
10․ Հայաստանում բարձրագույն կրթությունը դարձնել անվճար։
Նախաձեռնությունից նշել են, որ առաջարկված քայլերը նպատակ ունեն խթանել տնտեսական ակտիվությունը և մեղմել երկրում ձևավորված սոցիալ-տնտեսական խնդիրները։
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:
«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։