Խարդախություններն արդեն հինգ տարուց ավել անձնական ֆինանսների կառավարման կիզակետում են գտնվում. դա ևս առաջին քայլերից է, թե ինչպես պետք է անվտանգ պահել ձեր ֆինանսական աշխարհը, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։
Ըստ նրա՝ «Փողի միջազգային շաբաթ» իրազեկման արշավին միացողները և՛ պատմում են իրենց հանդիպած զեղծարարության դեպքերը, և՛ լսում են նոր դեպքեր, որոնց մասին տեղյակ չեն եղել։ «Խարդախություն տեսակները, մեծ հաշվով, գրեթե նույն են՝ արդեն 4-5 տարի, նոր բան չի հորինվում, միայն ձևերն են տարբերվում։
Եթե մարդիկ իմանան, թե որ տվյալներն է, որ պետք չէ փոխանցել ուրիշներին և ինչից զգույշ լինել, նրանք կարող են ցանկացած նոր տիպի զեղծարարություն նշմարել և զգույշ լինել դրանց պարագայում։
Ամենատարածվածը մնում է ֆիշինգը, երբ ուղարկում են հղում և խնդրում են, որ դրա վրա սեղմեք և ինչ-որ բան լրացնեք։ Օրինակ՝ զանգում են և ասում են, որ ձեր հեռախոսի կամ ձեր որևէ հավելվածի մեջ վիրուս է ընկել, և որպեսզի փրկեն, նրանք պետք է ուղարկեն հղում, դուք լրացնեք կամ էլ պարզապես զանգով ձեզ հարցնեն տվյալներ, որ դուք պետք է ասեք։
Կամ շատ տարածված է, երբ ասում են՝ «Որպեսզի փրկենք ձեր հաշիվը, խնդրում ենք Ձեզ կիսել ձեր էկրանը մեզ հետ, մենք կկարողանանք այդ անվտանգությունը ապահովել, մենք բանկից ենք», կամ Կենտրոնական բանկից են անգամ ներկայանում։
Պետք է իմանաք, որ սովորաբար բանկերը, Կենտրոնական բանկը նման բան չեն խնդրի, չեն խնդրի որևէ կոդ ասել հեռախոսով։ Հատկապես ձեր պին կոդը ոչ ոք չի խնդրի, ձեր CVV կոդը պետք է միայն այն դեպքում, երբ ձեզնից գումար են տանում, այլ ոչ ձեզ գումար փոխանցելու համար։
Այս տվյալները՝ էկրան կիսել, գաղտնաբառերը կիսել, սա պետք է բացառենք արդեն այս դարում. դա պետք է իմանան 80-ն անց մարդիկ, դա պետք է իմանան մինչև 5 տարեկան երեխաները։ Բոլորը պետք է իմանան, որ ինչպես ձեր տան բանալին չեք տալիս ոչ ոքի, նույն ձևով ձեր հեռախոսի բանալին, ձեր մոբայլ բանկինգի բանալին, ձեր անձնագիրը, ձեր սոցքարտը, ձեր քարտի վրայի թվերը, հետևի թվերը, բոլոր թվերը, գաղտնաբառերը չենք տալիս ոչ ոքի։
Հատկապես, երբ ներկայանում են բանկի աշխատակից, կասկածում եք, մոտեցեք բանկ, անձամբ ճշտեք, զանգահարեք պաշտոնական հեռախոսամարով ճշտեք, բայց ձեզ զանգողին, ձեզ պատահաբար դուռ ծեծողին մի տվեք ձեր տան բանալիները»,–ասաց նա։