Ռուսաստանում Telegram-ի աշխատանքում լայնածավալ խափանում է գրանցվել – armeniatoday.am

Մարտի 16-ի առավոտյան Ռուսաստանում Telegram-ի օգտատերերն սկսել են հայտնել մեսենջերի աշխատանքի խնդիրների մասին․ ստացվել է ավելի քան 2,5 հազար բողոք, հայտնում է «Կոմերսանտը»։ 

Detector404 ծառայությունը մեկ օրվա ընթացքում գրանցել է ավելի քան 8000 հաղորդում խնդիրների մասին։ Օգտատերերի ամենատարածված մեկնաբանությունների համաձայն՝ մեսենջերի ոչ մի տարբերակը չի աշխատում՝ web, desktop և mobile։ Բողոքների ավելի քան կեսն ստացվել է Մոսկվայից և Մոսկվայի մարզից։ Խնդիրների մասին հայտնել են նաև Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ շրջանների բնակիչներ։

Նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում հայտարարել էին, որ Ռուսաստանում VPN ծառայությունները կարող են արգելափակվել առաջիկա կես տարվա ընթացքում։ Տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովի խոսքով՝ «Ռոսկոմնադզորը» տեխնիկական հնարավորություն ունի հետևելու նման ծառայությունների տրաֆիկին, իսկ հատուկ ծառայությունները՝ դրանք սահմանափակելու կամ արգելափակելու լիազորություններ։

«Ռոսկոմնադզորը» հրաժարվել է մեկնաբանել Սվինցովի այն հայտարարությունը, թե շուտով Telegram-ը կսկսի նույն կերպ դանդաղ աշխատել նաև VPN-ի միջոցով։

«Կոմերսանտի» կողմից հարցված փորձագետները կարծում են, որ Telegram-ի արգելափակումն արդեն սկսվել է։

«Դանդաղեցում վաղուց կա, բայց կան դժգոհություններ, որ դադարել է աշխատել Telegram-ի Desktop տարբերակը»,- նշել է կապի օպերատորների «Մակատել» ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Ամելկինը։

Նրա խոսքով՝ փորձարկումները ցույց են տալիս, որ շատ բան կախված է կապի ցանցից՝ բջջային կամ ֆիքսված, ինչպես նաև տարածաշրջանից և նույնիսկ կոնկրետ վայրից։ Փորձագետը չի բացառել, որ պետական մարմինները տարբեր տարածաշրջաններում տարբեր պայմաններ են կիրառում՝ փորձարկման նպատակով, այդ պատճառով էլ միասնական պատկեր չկա։

Leave a Comment