Հակոբյան․ Արցախցիների մոտ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի

Հակոբյան․ Արցախցիների մոտ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի

16 մարտի 2026 – 13:17 AMT

PanARMENIAN.NetԱրցախցիների մոտ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մարտի 14-ին տեղի ունեցած արցախցիների հետ հերթական հանդիպմանը:

Նա նշել է, որ արցախցիների մոտ 80 տոկոսը չունի աշխատանք։

«Մենք փորձում ենք բոլոր հնարավոր և երբեմն նույնիսկ անհնար ճանապարհներով լուծումներ գտնել մարդկանց խնդիրների համար, սակայն ակնհայտ է՝ առանց պետական միջամտության և ճիշտ սոցիալական քաղաքականության շատ հարցեր պարզապես լուծելի չեն։

Միևնույն ժամանակ այս հանդիպումները բացահայտում են նաև մեկ այլ կարևոր ճշմարտություն․ նույնիսկ այս դաժան պայմաններում արցախցիների մեծամասնության կյանքը շարունակում է կապված մնալ Արցախի հետ։

Հանդիպումների արդյունքներով՝ 55%-ը իր կյանքը պատկերացնում է միայն Արցախում, 44%-ը միանշանակ ուզում է վերադառնալ, բայց այսօր չի պատկերացնում՝ ինչպես, և ընդամենը 1%-ն է որոշել հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։

Հ.Գ. Այս հանդիպումը ամենածանրն էր: Դժվար է խոսել մի երիտասարդի հետ, ով պատերազմներում կորցրել է հորը և եղբորը, իսկ 2023-ի պատերազմում ինքն է դարձել հաշմանդամ։ Հանդիպել չորս անչափահաս երեխաների հորը, ով պատերազմի հետևանքով գամված է հաշմանդամի սայլակին։

Այս մարդիկ «վիճակագրություն» չեն։ Սրանք ճակատագրեր են։ Սրանք ընտանիքներ են։ Սրանք կոտրված, բայց դեռ կանգնած մարդիկ են։

Եվ ամենակարևորը գիտե՞ք որն է։ Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ տուն գնալ։ Տուն, որը խլեցին։ Տուն, որի համար վճարեցին ամենաթանկ գնով։ Տուն, որի ցավը իրենց հետ կրում են ամեն օր։ Եվ ի վերջո. Արցախը չեն կորցրել նրանք, ովքեր ուզում են վերադառնալ։ Արցախը նրանք են կորցրել, ովքեր արդեն համակերպվել են դրա կորստի հետ»,- գրել է Հակոբյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment