16 մարտի 2026 – 13:33 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը արդեն պատրաստ է և կքննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, ինչպես նաև խորհրդարանական նույնանուն խմբակցությունում։ Այդ մասին Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը:
Նախարարը պարզաբանել է, որ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները մշակվել են ավելի վաղ, իսկ ամբողջական տեքստը ձևավորվել է հենց այդ դրույթների հիման վրա։
Գալյանի խոսքով՝ նախագծում որդեգրված մոտեցմամբ կենտրոնում մարդն է՝ քաղաքացին և ժողովուրդը, իսկ կառավարման գործող մոդելից շեղում չի նախատեսվել։
«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,-նշել է Գալյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ դատական իշխանության ոլորտում նախատեսվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն։ Բացի այդ, որպես սկզբունք նախատեսվել է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորություն, գործերի գրավոր քննության հնարավորություն, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորություն, որը ներկայումս չի նախատեսվում գործող կարգավորումներով։
Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվել է հրապարակել 2026 թվականի մարտին։