ՀՀ-ում սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018թ.-ի նկատմամբ ավելի քան քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

Նախարարի խոսքով՝ մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով շուրջ 5,5 մլրդ դրամ

ՀՀ-ում սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018թ.-ի նկատմամբ ավելի քան քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար


ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ Սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018թ.-ի նկատմամբ ավելի քան քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ:


Այս մասին ԿԳՄՍ նախարարության հրապարակած տեսանյութում հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը:


Նախարարի խոսքով՝ մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով շուրջ 5,5 մլրդ դրամ:


«Սպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2025 թվականի ընթացքում է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների շինարարարություն, այդ թվում՝ դրանցից 7-ը մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրները»,- ասել է Անդրեասյանը:


Տեսանյութին կից նաև նշվում է, որ այս պահին ավարտված է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունը:


Շինարարության փուլում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը և «Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը։


Այժմ կառուցման փուլում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը, և նախատեսվում է կառուցել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի, ըմբշամարտիկներ Ռոման և Մալխաս Ամոյանների, ծանրամարտիկներ՝ Յուրի Սարգսյանի, Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ և ազատ ոճի ըմբշամարտիկ՝ Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց:

Leave a Comment