Դատարանը պարտավորեցրել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը հատուցել կոյուղաջրերի հետևանքով պատճառված վնասը

Հրազդանում բնակիչ Անուշ Մխիթարյանի բնակարանը 2025թ. մարտին երկու անգամ ողողվել է կոյուղաջրերով՝ շենքի դիմացի խցանված դիտահորերի պատճառով։ Անուշը բազմիցս զանգահարել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի թեժ գծին, սակայն արձագանք չի ստացել։ Վնասի չափը նախնական հաշվարկով կազմել է ավելի քան 413 հազար դրամ՝ առանց վնասված գույքի հաշվարկի։ Ընկերությունը հրաժարվել է արտադատական կարգով հատուցել վնասը:

Անուշ Մխիթարյանը 2025թ. հուլիսին վնասի հատուցման պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի: Դատարանը քաղաքացու օգտին վճիռ է կայացրել: 

Անուշը Հրազդանի Միկրոշրջանի շենքերից մեկում բնակարան է գնել և 1998 թվականից սկսած հանդիսացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, ապա՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդ: 2025թ. մարտի 1-ին և 9-ին խցանվել են բնակելի շենքի ջրահեռացման դիտահորերը, և անհնար է դարձել ջրահեռացումը: Նշված օրերին կոյուղաջրերը լցվել են շենքի նկուղներ և առաջին հարկի բնակարաններ, այդ թվում՝ Անուշ Մխիթարյանի բնակարան:

Անուշը բազմիցս զանգահարել է ընկերության թեժ գծի հեռախոսահամարին, սակայն որևէ արձագանք չի ստացել: Համատիրության և Հրազդանի համայնքապետարանի օգնությամբ, մասնավոր միջոցներով կարողացել են մաքրել դիտահորերը և ապահովել շենքից ջրահեռացում:

Անուշը «Հետքին» պատմեց, որ բնակարան լցված կեղտաջրերի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս: Կեղտաջրերի հեռացումից և մաքրման աշխատանքներից հետո պարզվել է, որ բնակարանը վերանորոգելու կարիք կա: Շինարարական ընկերության միջոցով կատարվել է հաշվարկ, որը կազմել է  413 հազ. 880 դրամ՝ առանց գույքի կորստի հաշվարկի, վնասվել է նաև Անուշի տան գորգը, շարքից դուրս են եկել տեխնիկան ու կահույքը:

Անուշ Մխիթարյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ պատճառված վնասն ինքնակամ հատուցելու պահանջով: 2025թ. հունիսի 23-ին ընկերությունը մերժել է պահանջը՝ նշելով, թե բաժանորդների սեփականություն հանդիսացող ներքին ցանցի պահպանման հոգսը կամ վնասվածքի ռիսկերը կրում են դրանց սեփականատերերը: Հետևաբար ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնակիչների սեփականություն հանդիսացող ներքին ցանցի խնդիրների համար:

Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում: Պարտավոր է ապահովել նաև բաժանորդի ծառայությունների հուսալի մատուցումը՝ ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ընդունած «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» որոշման համաձայն՝ դիտահորի և դիտահորերի միջև կապի ապահովումը, կեղտաջրերի հեռացման ապահովումը ոչ թե բնակչի, այլ ջրահեռացումն ապահովող ընկերության պարտականությունն է: Ընդ որում՝ դիտահորերը և դրանք միմյանց կապող ջրահեռացումն ապահովող ցանցը չի մտնում բնակչի սեփականություն հանդիսացող գույքի մեջ, և հետևաբար բնակիչ-բաժանորդը չի կրում դրանց պատահական կորստի կամ փչացման ռիսկը:

Մխիթարյանը դատարանում պնդել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարքագիծը ոչ իրավաչափ է: Ընկերությունը, ունենալով ջրահեռացման աշխատանքները կազմակերպելու պարտականություն, չի կատարել: 

Անուշը դատարան է ներկայացրել տեսագրություն՝ դիտահորերն անձնական միջոցներով մաքրելու վերաբերյալ: Ինչպես նաև բազմաթիվ հեռախոսազանգերի ապացույցները, որոնք կատարել է այդ օրերին՝ ջրահեռացումը պատշաճ ապահովելու նպատակով: 

Հրազդանի «Միլենա» համատիրության կողմից 2025թ. մարտի 1-ին և 9-ին կազմվել են կոյուղաջրերի բնակարան լցվելու փաստի վերաբերյալ արձանագրություններ: Համատիրության նախագահը, այցելելով Անուշի բնակարան, արձանագրել է, որ ննջասենյակը, լոգասենյակը և միջանցքն ամբողջությամբ լցված են կեղտաջրով, որը եկել է զուգարանից և բաղնիքի տրապից: Կեղտաջուրն ամբողջությամբ հեղեղել է ննջասենյակը, առաջացել է պատի ճաք, որի միջով լցվել է մուտքի աստիճանավանդակի վրա: Բաղնիքի և լոգարանի դիմաց՝ հատակին, եղել են կուտակված կեղտաջրեր ու կեղտեր,  բնակարանից գարշահոտություն է տարածվել, հատակի փայտանյութն ավելի է քայքայվել և խառնվել կեղտաջրերին: Ննջարանի և միջանցքի պատերի վրա եղել են կեղտաջրերի հետքեր: Ննջարանի հատակին կուտակված կեղտաջրերը մանրահատակից թափվել են նկուղ՝ սենյակի ողջ տարածքով:

Ըստ համատիրության նախագահի կազմած արձանագրության՝ նկուղում շենք մտնող խողովակների անցանելիության ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ շենքի դիմաց առկա 3 դիտահորերն ամբողջությամբ խցանված են: Լեփ-լեցուն են կեղտաջրերով, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկեր, այդ թվում 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի նկուղներ, միաժամանակ նաև 3-րդ, 4-րդ մուտքերի առաջին հարկեր:

Բնակիչները Հրազդան համայնքի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին գրավոր հայտնել են, որ արդեն 4-5 ամիս է՝ շենքի դիմացի դիտահորերի խցանման պատճառով ջուրը լցվում է շենքի նկուղներ կամ առաջին հարկի բնակարաններ: Բազմիցս բողոքներ են ներկայացրել, զանգել  են թեժ գիծ, սակայն որևէ արմատական լուծում չի տրվել հարցին: 2025թ. սկզբին  հերթական անգամ արտաքին զննությունից պարզվել է, որ 2-3 մուտքերի կոյուղագծերն իրար միացնող հատվածներում, ամենայն հավանականությամբ, եղել է կոտրվածք: Այդտեղից էլ ջրերը լցվել են շենքի նկուղային և առաջին հարկերը՝ էական վնաս պատճառելով շենքի բնակիչներին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մ. Շահինյանը 2025թ. մայիսի 22-ին  բնակիչներին գրավոր հայտնել է, թե իրականացրել են կոյուղագծի խցաբացման աշխատանքներ: Ներկայում ընկերության կողմից սպասարկվող կոյուղագիծը գտնվում է բավարար աշխատանքային վիճակում և ենթակա է հետագա շահագործման: 

Իսկ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը բնակիչներին հայտնել է, որ շենքի արտաքին կոյուղագծերի վիճակի հետ կապված խնդիրն իրենց հայտնի է: Տվյալ հատվածում կոյուղագծերի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, և իրենք շարունակելու են համագործակցել վերջինիս հետ՝ խնդրին համատեղ լուծում տալու նպատակով: 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ Անուշ Մխիթարյանի հայցն անհիմն է և ենթակա է մերժման: Հայտնել է, որ ընկերությունը գործել է իր լիազորությունների շրջանակում: Ոչ իրավաչափ կարող է գնահատվել միայն այն վարքագիծը, որը խախտում է օրենքի, իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Այսինքն՝ օրենքով ամրագրված որոշակի պարտականություններ պետք է լինեն, որը չկատարվի կամ խախտվի: Տվյալ պարագայում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն թույլ չի տվել որևէ ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն:

Ընկերության պնդմամբ՝ սահմանազատման կետից հետո բաժանորդի ներքին ցանցի պահպանման, սպասարկման և շահագործման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում, ուստի ներքին ցանցում առաջացած վթարի հետևանքով գոյացած ծախսի վերահաշվարկման հիմքեր չեն եղել:

Սակայն, դատարանը վճռում նշել է, որ շենքի դիտահորերը չեն գտնվում «ներքին ցանց»-ում, հետևաբար դիտահորերից ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մտնում են ընկերության կողմից բաժանորդին մատուցվող ծառայությունների շրջանակներում: Այդ պայմաններում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից դրսևորվել է ոչ օրինաչափ վարքագիծ՝ անգործություն, որի հետևանքով Անուշ Մխիթարյանին պատճառվել է վնաս: 

Նշենք, որ վճիռը կայացվել է 2026թ. փետրվարի 19-ին: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից, հօգուտ Անուշ Մխիթարյանի, վճռվել է բռնագանձել 413 հազ. 880 դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում և մոտ 12 հազ. դրամ՝ դատական ծախս: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետով կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment