
Մերձավոր Արևելքում տիրող վերջին պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցնում ողջ Իրանի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, մի օբյեկտ զարմանալիորեն անձեռնմխելի էր մնում, գրում է CNN-ը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, չնայած իր փոքր չափերին, Խարգ կղզին Իրանի տնտեսական «փրկօղակն» է. դրան բաժին է ընկնում երկրի հում նավթի արտահանման մոտ 90%-ը, ինչը նշանակում է, որ դրա վրա կատարված ցանկացած հարձակումն իր մեջ լուրջ էսկալացիայի վտանգ է պարունակում։
Սակայն ուրբաթ օրը ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել կղզու ռազմական օբյեկտներին։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների և իրանական պետական լրատվամիջոցների՝ նավթի առևտրի հետ կապված օբյեկտները չեն տուժել։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել նաև դրանց, եթե Իրանը շարունակի արգելափակել նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Խարգը Մանհեթենի մեկ երրորդի չափ տարածք ունեցող կղզի է, որը գտնվում է Պարսից ծոցում՝ Իրանի ափից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա։
Գրեթե ամեն օր միլիոնավոր բարել հում նավթ է հոսում Իրանի խոշոր հանքավայրերից, այդ թվում՝ Ահվազից, Մարունից և Գաչսարանից, և խողովակաշարերով հասնում կղզի։ Վերջինս իրանցիների շրջանում հայտնի է որպես «Արգելված կղզի»՝ խիստ ռազմական վերահսկողության պատճառով, հայտնում է լրատվամիջոցը:
Կղզու երկար նավամատույցները, որոնք խորանում են ջրի մեջ այնքան, որ կարողանան ընդունել նավթային գերլցանավերը, Խարգը դարձնում են նավթի բաշխման կենսական հանգույց: Այստեղ է վերամշակվում իրանական հում նավթի արտահանման 90%-ը։ Կղզին վաղուց է առանցքային դերակատարում ստացել Իրանի տնտեսության համար:
ԿՀՎ-ի 1984 թվականի փաստաթղթում նշվում է, որ այս օբյեկտները «ամենակարևորն են Իրանի նավթային համակարգում, և դրանց անընդհատ շահագործումն անհրաժեշտ է Իրանի տնտեսական բարօրության համար»։
Իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը վերջերս հայտարարել է, որ տերմինալի ոչնչացումը «վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը և կտապալի ռեժիմը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: