Դեսպան․ Իրանի ժողովուրդը վրեժ է պահանջում Խամենեիի մահվան համար

Դեսպան․ Իրանի ժողովուրդը վրեժ է պահանջում Խամենեիի մահվան համար

14 մարտի 2026 – 12:26 AMT

PanARMENIAN.NetԻրանի ժողովուրդը արյան վրեժ է պահանջում Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար, և ԱՄՆ-ն խիստ պատասխան է ստանալու նաև այն դեպքում, եթե փորձ արվի վերացնել երկրի նոր առաջնորդին։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դիվանագետն այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեն վերացնել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

«Իրանի պատասխանը դուք տեսնում եք այսօր: Մենք ցանկանում ենք արյունոտ վրեժ լուծել մեր առաջնորդի համար (այաթոլլա Ալի Խամենեի — խմբ.)։ Ժողովուրդը զայրացած է և պահանջում է վրեժ թափված արյան համար։ Բնականաբար, ամերիկացիներն արդեն բախվել են և ապագայում ևս բախվելու են խիստ հատուցման», – բացատրել է նա՝ ներկայացնելով, թե ինչպիսին կարող է լինել հնարավոր արձագանքը:

Հարձակման առաջին օրը զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իսկ մարտի 8-ին նրա իրավահաջորդ է դարձել որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը մինչ այժմ հանրության առաջ չի հայտնվել։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդը վիրավորում է ստացել, սակայն իրեն լավ է զգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ծրագրել էր ոչնչացնել Իսրայելը և գրավել ամբողջ Մերձավոր Արևելքը, սակայն Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա, որ Թեհրանը ձեռք բերի միջուկային զենք, հայտնում է vesti.ru-ն:

Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ՝ միջուկային զենքի բացակայությունը թույլ չի տալիս Իրանին սպառնալ Միացյալ Նահանգներին, նրանց մերձավորարևելյան դաշնակիցներին և ամբողջ միջազգային հանրությանը։

Ավելի վաղ Թրամփը նշել է. «Իրանը հնարավորություն չունի պաշտպանելու այն, ինչ ամերիկացի զինվորականները ցանկանում են գրոհել»։

ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել իրանցի զինվորականներին. «զենքերը վայր դնել և փրկել այն, ինչ մնացել է իրենց երկրից»։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում Վաշինգտոնի և Թել Ավիվի նպատակները կարող են տարբեր լինել։ Ըստ նրա՝ Իրանը դեռ 2025 թվականի ամռանը կջնջեր Իսրայելը երկրի երեսից, եթե ԱՄՆ-ն չհարվածեր Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին B-2 ռազմավարական ռմբակոծիչների միջոցով։

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել 10 հազար հակադրոնային անօդաչու սարք, որոնք մարտական փորձարկում են անցել Ուկրաինայում պատերազմի ընթացքում։ Այդ մասին մարտի 13-ին Bloomberg գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսքոլը։ Նրա խոսքով՝ այդ անօդաչուները նախատեսված են Իրանի հարձակումները հետ մղելու համար, գրում է Deutsche Welle-ն:

Խոսքը Merops անվանումով արհեստական բանականությամբ համալրված անօդաչու սարքերի մասին է, որոնք մշակվել են Project Eagle նախագծի կողմից։ Այն կալիֆոռնիական պաշտպանական ընկերություն է, որը կապվում է Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտի հետ։ 2024 թվականի ամռանը այդ անօդաչուներն առաջինը ստացել է ուկրաինական բանակը։

Դրիսքոլի խոսքով՝ Merops անօդաչուները Մերձավոր Արևելք են տեղափոխվել հինգ օրվա ընթացքում այն բանից հետո, երբ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են պատերազմ Իրանի դեմ։ Նա նշել է, որ մեկ անօդաչուի արժեքը կազմում է մոտ 14-15 հազար դոլար, իսկ խոշոր պատվերների դեպքում՝ 3-5 հազար դոլար։ Համեմատության համար Bloomberg-ը նշում է, որ իրանական Shahed անօդաչուների արժեքը մեկ միավորի համար առնվազն 20 հազար դոլար է։

ԱՄՆ բանակը Մերձավոր Արևելքում օգտագործում է նաև Bumblebee տեսակի պայթուցիկներով քառակոպտերներ, որոնք նախատեսված են հակառակորդի անօդաչու սարքերի դեմ հարձակումների համար։ Դրանք, ինչպես Merops-ը, մշակվել են Շմիդտի հետ կապվող Perennial Autonomy ընկերության կողմից և արդեն կիրառվել են ուկրաինական բանակի կողմից։

Մարտի 13-ին Fox News ռադիոկայանի եթերում հաղորդավար Բրայան Քիլմիդի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ չէ Ուկրաինայի օգնությունը անօդաչուներից պաշտպանվելու հարցում։

«Մենք անօդաչուների մասին ավելի շատ բան գիտենք, քան որևէ մեկը։ Իրականում աշխարհում լավագույն անօդաչուները մենք ունենք», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Միևնույն ժամանակ մարտի 9-ին The New York Times թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրը անօդաչուներ և ԱԹՍ ոլորտի մասնագետների խումբ է ուղարկել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու համար։ Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնը նման օգնության համար դիմել է Կիևին մարտի 5-ին, և արդեն հաջորդ օրը ուկրաինական թիմը ուղարկվել է տարածաշրջան։

Բացի այդ, մարտի 10-ին Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ-ն քննարկել է ուկրաինական հակադրոնային համակարգերը տեղակայելու ծրագիր, այդ թվում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում գտնվող ռազմաբազաներում, սակայն «քննարկումները չեն վերածվել լայնածավալ համագործակցության»։

Leave a Comment