ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն ունի վիզաների ազատականացման թեմայով, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացումն իրատեսական է։ ՆԳ նախարարը չի նշել գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ։ Սարգսյանը հույս է հայտնել, որ վիզաների ազատականացումը ճամփորդելու հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին։
Նա ադրադարձել գործընթացի հաջողության դեպքում արտագաղթի ռիսկերին և նշել, որ այդպիսի վտանգ չկա։ «ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներն այլևս փակել են արտագաղթի պատուհանը և մենք ձևավորում ենք ներգաղթի միտումներ։ Մեր տեսանկյունից պետությունն ավելի գրավիչ է դառնում մեր քաղաքացիների համար»,- ասել է նա։
Սարգսյանը հայտնել է, որ 2025 թվականին ներգաղթողների թիվը (8660 քաղաքացի) գերազանցել է արտագաղթողներին։
Խոսելով սպանությունների աճի մասին հարցին, Սարգսյանը նշել է, որ դրանք «մեդիափրփուրներ» են և 2025 թվականին հանցագործությունները 3,2 %-ով նվազել են։
2024 թվականի հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտադրությունը, բանակցությունները պաշտոնապես մեկնարկել էին Երևանում՝ 2024 թվականի դեկտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր էր ներկայացրել Երևանին։
