Պատերազմի ավարտին կողմերը տնտեսական նոր օրակարգերով կներկայանան բանակցային սեղան. Գանտահարյան

Պատերազմի ավարտին կողմերը տնտեսական նոր օրակարգերով կներկայանան բանակցային սեղան. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Իրանի դեմ պատերազմի վրա։ Եթե ամփոփելու լինենք այս երկու շաբաթը, ինչ դիտարկումներ կարող ենք անել իրավիճակի վերաբերյալ։

– Բախումները սաստկացել են։ ԱՄՆ նախագահը մեկ անգամ չէ, որ խոսում է պատերազմի ավարտի մասին։ Սակայն Թեհրանը ասել է, որ ինքը կորոշի հրադադար հաստատելու ժամկետը, միաժամանակ իր նախապայմանները հրապարակելով՝ Իրանի դեմ ագրեսիայի կանխարգելման երաշխիքների ապահովում, վնասների հատուցում և միջուկային խաղաղ ոլորտում գործունեության լիակատար ազատություն։ Կարծում եմ՝ բոլորովին նոր օրակարգեր կլինեն բանակցությունների վերսկսման դեպքում։

– Հրապարակվեց Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձը, բայց չկար տեսանյութ կամ ձայնագրություն, իսկ ուղերձում նա խոսել է վրեժխնդրության մասին։ Կխնդրեի անդրադառնալ նրա ուղերձին։

– Նոր հոգևոր առաջնորդի անձի ընտրությունը նույն վարքագծի շարունակության հաստատումն է։ Էական փոփոխություն չկա։ Համակարգն է այնտեղ որոշիչ։ Հոգևոր առաջնորդը այդ համակարգի ներկայացուցիչն է։ Փաստորեն, նախորդ առաջնորդի չեզոքացումից հետո համակարգը շարունակում է կառավարել։

– ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք հաղթել են Իրանին, սակայն պատերազմը շարունակվում է. ինչո՞ւ։

Հաղթելու հայտարարությունը զուգորդվում է պատերազմի ավարտը մոտալուտ է հայտարարությամբ։ Ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը ուզում է ավարտել պատերազմը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Թրամփի հայտարարությունը, թե Իրանի իշխանությունները 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա նա՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, սպանում է նրանց։

– Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են։ Չեմ կարծում, որ Իրանի ժողովրդավար կամ հակաժողովրդավար լինելը կամ մարդու իրավունքների խնդիրը էական նպատակ է այս բոլոր արհավիրքներում։ Նպատակը Իրանի ռեսուրսների և էներգետիկ համակարգի վրա վերահսկողությունն է։ Մանավանդ, որ Իրանի տնտեսական ուղղությունները Չինաստանի հետ ուղիղ համագործակցության մեջ էին։

– Միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ ՌԴ-ն օգնել է Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելով։ Սրա մասին ի՞նչ կասեք։

– Դժվար է նման լուրերի հավաստիությունը ճշտել։ Քաղաքական տրամաբանությամբ ՌԴ-ն պետք է կանգնի Իրանի կողքին ընդհանուր առումով։ ԱՄՆ-ՌԴ գծի վրա հայտարարողական մակարդակով մեղմացման նշաններ են, ինչը կարող է մեկնաբանվել Մոսկվայի կողմից ոչ լիարժեք զորակցության՝ Իրանին։

– Չինաստանից խոսեցիք, նաև Bloomberg-ի հրապարակման մեջ նշված էր, թե կան մտահոգություններ, որ Չինաստանը ևս կարող է օգնել Թեհրանին։ Արդյոք Չինաստանը կգնա նման քայլերի։

– Չինաստանը տնտեսական պատերազմի սահմաններից չի ուզում դուրս գալ։ Անցում չի անում տնտեսականից ռազմականի։ Տնտեսական ոլորտում գերմրցունակ է, իսկ ԱՄՆ-ը ռազմական միջոցով է տնտեսական պատերազմ մղում։

– Նախորդ հարցազրույցում խոսել էինք նաև Չինաստանի դերի մասին. նշել էիք, որ Իրանը, մեծ հաշվով, ԱՄՆ-Չինաստան մեծ պատերազմի կարևոր ճակատամարտն է։ Մյուս կողմից, սակայն, Չինաստանը կարծես չափազանց նեյտրալ է իրեն պահում․ հետաքրքիր է՝ միտումնավո՞ր է սա արվում, թե ինչու։

– Կարծում եմ, որ Չինաստանը հաշվարկում է, որ տնտեսական պատերազմում գերակա դիրքեր է գրավում, և եթե տնտեսական առումով ԱՄՆ-ը նկատում է Չինաստանի համաշխարհային առաջխաղացումը, փորձում է պատերազմներով կանգնեցնել չինական երթը։ Սա խոսում է տնտեսական պատերազմում Չինաստանի գերակա դիրքերի մասին։

Արման Գալոյան

Leave a Comment