Գերագույն հոգեւորի խորհուրդը մարտի 10-13-ին անցկացված ժողովում մերժելի է նկատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլ մեղադրական գնահատականները։ Ժողովականները կարծում են, որ դրանով փորձ է արվում արդարացման «հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար», հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
ԳՀԽ-ն քննարկել է նաեւ 2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման հարցերը։ ԳՀԽ ժողովի ժամանակ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին ներկայացրել է կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։
Գերագույն հոգեւորի խորհուրդը քննարկել է նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, որոշել է կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։
Գերագույն հոգևոր խորհուրդը, կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտել է ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Եկեղեցու գործունեության «արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը»։
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը։
ԳՀԽ-ն կարծում է, որ դրանց արծարծումը «հարմար պատրվակ է հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար»։ Ըստ ժողովականների` նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։