Միրզոյանը վերահաստատել է Երևանի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Երևանի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նրաք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարարներն ընդգծել են քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը, խոսել հումանիտար իրավիճակի և հնարավոր քայլերի մասին:

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Իսրայելը պնդում է, որ հարվածում է Լիբանանում տեղակայված և, ըստ Թել Ավիվի, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին: Իրանի դեմ պատերազմին զուգահեռ մարտի սկզբից մեկնարկած հարվածները շարունակվում են:

Լիբանանում մարտի 7-ին հրթիռակոծության էր ենթարկվել նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբ-բնակարանը։ Իրավապաշտպան Human Rights Watch-ը հայտարարել է, որ Իսրայելը չթույլատրված սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Լիբանանում:

Leave a Comment