13 մարտի 2026 – 16:45 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում, ինչպես մի շարք այլ երկրներում, խտրական խոսքը չափազանց լուրջ տարածում ունի, հայտարարել է Ստրասբուրգում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նա մարտի 12-13-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած ՄԻՊ հաստատությունների բարձրաստիճան համաժողովին, որտեղ հանդես է եկել հիմնական ելույթով՝ խոսքի ազատության մարտահրավերների և ատելության խոսքի կանխարգելման թեմայով։
Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը, որը ներկայացնում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը։
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս բարձրաստիճան համաժողովին և ելույթ ունենալ խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող թեմայով։ Սա ոլորտ է, որն առանձնահատուկ կարևորություն ունի իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, ոլորտ է, որի համատեքստում առկա մարտահրավերները բազմաթիվ են ժամանակակից աշխարհում», – նշել է Անահիտ Մանասյանը։
Իր ելույթում նա կարևորել է խոսքի ազատության և լրագրողների անվտանգության երաշխիքները՝ անդրադառնալով նաև ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ ատելության և խտրական խոսքի տարածման աճին, որը առավել նկատելի է տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և տարբեր քաղաքական գործընթացների պայմաններում։
«Մեր երկրում, ինչպես մի շարք այլ երկրներում, խտրական խոսքի տարածումը չափազանց լուրջ տարածում ունի։ Ընդ որում՝ նման խոսքի լայն ծավալների կարելի է հանդիպել ազգային կամ էթնիկ ծագման, հաշմանդամություն ունենալու հանգամանքի, կրոնական համոզմունքների, գենդերային հավասարությանն առնչվող հարցերի և մի շարք այլ հիմքերով։ Այս ամբողջ ոլորտը հաճախ գործիքայնացվում է քաղաքական դերակատարների կողմից՝ այդ թվում՝ ոլորտին առնչվող լայն ապատեղեկատվական արշավների միջոցով»,- նշել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը ներկայացրել է նաև օրինակներ, որոնք վերաբերում են տարբեր դերակատարների կողմից կանանց և երեխաների պաշտպանության մեխանիզմների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ խտրական խոսքի և ապատեղեկատվության տարածմանը։
Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է ժամանակակից աշխարհում Մարդու իրավունքների պաշտպանների և իրավապաշտպանների նկատմամբ թիրախավորման վտանգավոր մակարդակը։
Նա կարևորել է պաշտոնատար անձանց, մասնագիտական և ակադեմիական համայնքների ներկայացուցիչների կարգապահական պատասխանատվության մեխանիզմների պատշաճ կիրառումը՝ նման երևույթները կանխելու նպատակով՝ միաժամանակ շեշտելով, որ ատելության խոսքի և արգելված խոսքի այլ տեսակների համար նախատեսված քրեական պատասխանատվության մեխանիզմները չպետք է չարաշահվեն։
Ամփոփելով ելույթը՝ Մանասյանը նշել է, որ առկա խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ՝ ընդգծելով հատկապես մտածողության փոփոխության, մարդու իրավունքների կրթության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխման կարևորությունը։
Նիստը մոդերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Դիանա Կովաչևան։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Օդնի Մյոլ Առնարդոտտիրը և Նիդերլանդների մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ռիկ Լոուսոնը։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ, Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Լուիզ Հոլքը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղար Մարիալենա Ցիրլին։