ԿԲ. Զեղծարարներն առաջարկում են ինտերնետ կապը բարելավել կամ 5G կապն ակտիվացնել հեռախոսում

ԿԲ. Զեղծարարներն առաջարկում են ինտերնետ կապը բարելավել կամ 5G կապն ակտիվացնել հեռախոսում

13 մարտի 2026 – 14:26 AMT

PanARMENIAN.Net – Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին պարզ է դարձել ինչպես ԿԲ-ի ստացած տեղեկություններից, այնպես էլ քաղաքացիների կողմից ներկայացված բազմաթիվ ահազանգերի ուսումնասիրությունից, հայտնում է Կենտրոնական բանկը:

«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով.

-միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing)

-ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը

Ուշադրություն. Եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.

-Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։

-Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

-Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

Կոչ ենք անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Leave a Comment