12 մարտի 2026 – 18:40 AMT
PanARMENIAN.Net – Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են Քննչական կոմիտեում։ Հարցաքննվել են Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը։
Նրանք հարցաքննվել են մի խումբ հոգևորականների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Արմենպրեսը:
Գերագույն հոգևոր խորհրդի նախատեսված մարտի 12-ի նիստը չի կայացել:
Ավելի վաղ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն ասել էր․ «Նրանց նպատակը եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողելը, ինչը և ստացվել է, աշխարհիկ բոլոր ադամները հրավիրվել են Քննչական կոմիտե, նիստը չի կայացել»,
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու յոթ հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն գործով։ Քրեական հետապնդում է իրականացվում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։