ՍԴ-ն մերժել է Հարությունյանի դիմումը, որով վիճարկվում էր այդ թվում Արցախում տեղի ունեցածը ՀՀ դատարանում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Հարությունյանի դիմումը, որով վիճարկվում էր այդ թվում Արցախում տեղի ունեցածը ՀՀ դատարանում քննելու հարցը

13 մարտի 2026 – 11:23 AMT

PanARMENIAN.NetՍահմանադրական դատարանը մերժել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ ներկայացված հարցադրումները ենթակա չեն ՍԴ քննությանը, հայտնում է «Փաստինֆոն»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, որը հանգեցրել է մարդու մահվան։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Ցորի» դրվագին։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ չի ընդունել։ Այսպիսով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, իսկ Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ՝ պատժի կրման համար։

Հարությունյանի անունից Սահմանադրական դատարան ներկայացվել է անհատական դիմում, որով բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում՝ ընդդատության վերաբերյալ։ Դիմումատուի պնդմամբ՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից տրվել է չափազանց լայն և ինքնավար մեկնաբանություն, որը հակասում է Սահմանադրության նախաբանի էությանը։ Նրա համոզմամբ՝ այդ մեկնաբանության արդյունքում «դատական տարածքի» մեջ ներառվել է միջազգայնորեն ՀՀ տարածք չհամարվող «ԼՂ տարածքը», ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ենթադրյալ կատարված հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է որպես «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ»։ Հարությունյանը պահանջել է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։

Դիմումում նշվել է նաև, որ այդ մոտեցման հետևանքով խախտվել է արդար դատաքննության կարևոր բաղադրիչներից մեկը՝ գործը «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» քննվելու սկզբունքը։

Բացի այդ, դիմումատուն վիճարկել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման մեկնաբանությունը։ Նրա կարծիքով՝ այդ դրույթին դատարանները հաղորդել են մեկնաբանություն, որով «հանցավոր համարվող արարքի շրջանակը ընդլայնող» ձևով «անբարեխղճության» հետևանքը գնահատվել է որպես հանցավոր արարք, թեև այն կատարման պահին հանցավոր չի համարվել։ Դիմումատուի համոզմամբ՝ այդ կերպ փաստացի տրվել է «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն, ինչը պետք է ճանաչվի Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։

Բացի նշված հարցերից, Հարությունյանը բարձրացրել է նաև իր առողջական վիճակի՝ անազատության պայմանների հետ անհամատեղելի լինելու հարցը։

Սահմանադրական դատարանը մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Որոշման մեջ նշվել է, որ ներկայացված դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննարկումը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթների կամ դրանց մեկնաբանությունների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի շրջանակում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության սահմաններից։

Leave a Comment